«ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի գյուղում այս պահին կա 12 ընտանիք, որոնցում ընդհանուր առմամբ ապրում են 64 երեխա: Գյուղն ունի մոտ 80 երեխա պահելու հնարավորություն: Այս օգոստոսին ևս 10 երեխա այնտեղից կտեղափոխվի Երևան:
Խնամքն իրականացվում է երեք փուլով: Մինչև 15 տարեկան երեխաները մնում են գյուղում: 15 տարեկանից հետո տեղափոխվում են երիտասարդական կենտրոններ, որոնք գտնվում են Երևանում: Այնտեղ նրանք անց են կացնում մոտ երեք տարի, իսկ 18 տարին լրանալուց հետո հիմնադրամը շարունակում է աջակցել նրանց` կախված յուրաքանչյուրի ֆինանսական հնարավորությունից:
«ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի խոսքով` իրենք այնքան ամուր են կապվում յուրաքանչյուր երեխայի հետ, որ շատերը անգամ հետագայում գալիս են գյուղ իրենց բալիկների հետ:
Յուրաքանչյուր ՍՕՍ ընտանիքում ապրում է 5-7 երեխա: Նրանց հիմնական խնամքն իրականացնում է ՍՕՍ մայրը, որ ունի նաև հանգստյան օրեր, որոնց ընթացքում երեխաներին խնամում է ՍՕՍ մորաքույրը: Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում ոչինչ չի հիշեցնում այն մասին, որ այդտեղ ապրում են ծնողական խնամքից զուրկ երեխաներ: Նրանց համար ստեղծված են բոլոր պայմանները` ճիշտ կազմակերպելու իրենց առօրյան:
Օրինակ` Գայանեի ընտանիքում արդեն 4 տարի է ապրում է 4 երեխա` երկու աղջիկ և երկու տղա: Ընդ որում` Նաիրան և Համլետը հարազատ քույր և եղբայր են: Գայանեի հավաստմամբ` անչափ կարևոր է, որ հարազատ քույրերն ու եղբայրները լինեն նույն ընտանիքում, դրա համար պետությունը պետք է հատուկ ջանքեր կիրառի, քանի որ այլ տեղերում քիչ չեն դեպքերը, երբ, օրինակ, երկու քույրերը ապրում են երկու տարբեր հաստատություններում: Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղում լուծված է նաև այս խնդիրը:
Գյուղում երեխաների համար կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնց մասին են վկայում տների պատերը զարդարող` երեխաների ձեռքերով պատրաստված աշխատանքները: «Մեզ մոտ ամեն օր միջոցառում է: Եթե հիմա կապվենք մեր բոլոր մասնաճյուղերի հետ, անպայման կպարզվի, որ դրանցից գոնե մեկում այսօր պլանավորված է որևէ միջոցառում», – մեզ հետ զրույցում ասաց «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը:
Լարա Առաքելյան
Tags: «ՍՕՍ Մանկական գյուղեր»