Հունիսի 1-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը միացել էր մի խումբ լրագրողների նախաձեռնությանը և Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ այցելել Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն։ Հիմնադրամի կամավորները լրագրողների հետ մասնակցեցին մանկատան բարեկարգման աշխատանքներին, ներկա եղան երեխաների համար անցկացվող մշակութային միջոցառումներին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանը նշեց, որ հիմնադրամը սոցիալական ցանցերից տեղեկացել է լրագրողների այս նախաձեռնության մասին և որոշել է իր ներդրումն ունենալ. «Մենք մանկատան երեխաներին հեռուստացույց ենք նվիրում, ինչպես նաև մեր կամավորների թիմով միացել ենք այստեղ անցկացվող բարեկարգման աշխատանքներին։ Մանկատան երեխաներն ավելի շատ ջերմության ու քնքշության պահանջ ունեն, և մենք որոշեցինք այս գեղեցիկ օրը նրանց հետ անցկացնել ու փորձել նրանց օրը տոն դարձնել»։
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ մանկատանը խնամվում է 2-15 տարեկան 95 երեխա։ Նրանք հիմնականում հատուկ կարիքով երեխաներ են՝ ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող։ Տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք այսօր եկել էին մանկատուն՝ երեխաների համար կազմակերպելով հետաքրքիր միջոցառումներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
