Հունիսի 1-ից «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում տեղի կունենա «Փոքրիկ զորավարը» կինոկատակերգության պրեմիերան, որը նկարահանվել է Օ′ Հենրիի «Կարմրամորթ առաջնորդը» պատմվածքի մոտիվներով: Ֆիլմի ռեժիսոր Հենրի Քոչարյանն է, ով նշեց, որ ֆիլմը նախատեսված է լայն լսարանի` թե′ մեծերի, և թե′ փոքրերի համար:
Նրա խոսքով` սցենարի գաղափարն առաջացել դեռևս նախորդ տարվա օգոստոսին:
«Այն նկարահանվել է հայտնի պատմվածքի մոտիվներով, սակայն ժամանակակակից մոտեցում է ցուցաբերվել և պատմում է մեր օրերի մասին,- ասաց ռեժիսորը:- Փորձել ենք ֆիլմն ավելի գունեղ ներկայացնել: Սյուժետային հիմքը պատմվածքն է, բայց ավելացել են նոր կերպարներ, նոր դեմքեր»:
Անդրադառնալով դերասանական կազմին Քոչարյանն ասաց, որ չի ընտրել այնպիսի դերասաններ, ում միջոցով հետագայում կարողանա տոմսեր վաճառել: « Ընտրվել են պրոֆեսիոնալ, երիտասարդ դեմքեր: Փորձել եմ ընտրել նրանց, ովքեր կկարողանային բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորել»,- հավելեց ռեժիսորը նշելով, որ հատուկ ֆիլմում նկարահանվելու համար Մոսկվայից Երևան է հրավիրվել 7-ամյա Արամ Այվազյանը:
Քոչարյանն խոսքով` սկզբում 7-ամյա Արամի հետ աշխատելը բարդ էր, բայց հետո կարողացել են խոստումներով համոզել նրան նկարահանվել:
«Սկզբում մտավախություն ունեի, որ չեմ կարող հաղթահարել դժվարությունները, բայց հետո ինձ զգացի ինչպես ձուկը ջրում, չնայած նրան, որ նկարահնումների ընթացքում առաջացան որոշ դժվարություններ»- ասաց դերասան Կարապետ Հովհաննիսյանը:
Ֆիլմը նկարահանվել է Գառնիում: Այն պատմում է երկու ավազակների մասին, ովքեր որոշում են փախցնել հայ օլիգարխի որդուն և փրկագին պահանջել: Բայց դեպքերն այլ ընթացք են ստանում, երբ փոքրիկը նրանց գլխին իսկական պատուհաս է դառնում:
Ի դեպ` օլիգարխ հորը ֆիլմում մարմնավորում է նույն ինքը` Հ. Քոչարյանը:
Մարիամ հովհաննիսյան
