Արդյո՞ք սկիզբ է առնում «Թուրքական գարունը»,լուսանկարներ

7Արդեն մի քանի օր է Ստամբուլում շարունակվում են զանգվածային ցույցերը Թաքսիմի «Gezi» այգու քանդման դեմ, որոնք վերածվել են հակակառավարական ելույթների: Թուրքիայի կենտրոնական քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին հետևում են նաև միջազգային լրատվամիջոցները: Հետաքրքրական է, որ արաբական առաջատար «El Cezire» հեռուստաընկերությունը Թաքսիմում տեղի ունեցող իրադարձությունները
ուղիղ եթերով հեռարձակելիս, թղթակիցը օգտագործել է «Թուրքական գարուն» արտահայտությունը:
Անգլիայում ամենակարդացվող «Guardian» հանդեսը ստամբուլյան իրադարձությունների մասին իր լուրերին տվել է «Ստամբուլի ցուցարարները Թուրքական գարնան սերմերն են ցանում» վերնագիրը՝ մասնավորապես նշելով. «Այս ցույցերը Թուրքիայի համար սովորական չեն, քանի որ երիտասարդ, թե տարեց, աջ հայացքների տեր, թե ձախ, թյուրքիզմի, թե քուրդիզմի հետևորդ, բոլորը համախմբվել են»:
Գերմանական «ZDF» հեռուստաալիքը ողջունել է Թաքսիմում ընթացող բնության համար պայքարը՝ նշելով. «Թուրքերը, որոնց բարբարոս էինք անվանում, պատերազմում են բնության համար և եթե թուրքերը պայքարեն, ապա իրադրությունը կփոխվի»: Ամերիկյան «Washington Post» թերթն ու ֆրանսիական «France 24»-ը գրել էին, որ Ստամբուլի կենտրոնում այգու պահպանման համար սկսված ցույցերը գնալով վերածվում են հակակառավարական ելույթների:
Այնուհանդերձ մի շարք վերլուծաբանների կարծիքով «Gezi» այգին միայն պատրվակ էր, որպեսզի Էրդողանի վարչակարգից դժգոհ ազգաբնակչությունը դուրս գա իր բողոքի խոսքն ասելով և հավանականություն կա, որ այն կվերածվի մի հեղափոխական ալիքի՝ «Թուրքական գարնան», որին ոչ ոք չէր հավատում: