Գյումրիում ծնվեց 50.000-րդ երեխան

IMG_0450 (2)Այսօր` հունիսի 1-ին, նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում օրը կրկնակի տոնական էր: Թեև այստեղ ամենամյա տոնական շքերթ չէր կազմակերպվել` կենտրոնական հրապարակի վերանորոգման պատճառով, սակայն գյումրեցին ուրախանալու այլ առիթ էլ ուներ. 88-ի ավերիչ երկրաշարժից 25 տարի անց Գյումրիում ծնվեց 50.000-րդ երեխան: Փոքրիկ Հայկը լույսաշխարհ է եկել երեկ երեկոյան: Նա ընտանիքի 3-րդ երեխան է:

Այս պատճառով, նաև տոնի խորհրդով պայմանավորված այսօր առավոտից հյուրաշատ էր Գյումրու ծննդատունը: Բնականաբար, երեխաների պաշտպանության օրը չայցելել այս կարևոր կառույցը, անհնար է: Խոսելով օրվա անակնկալի մասին ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եղիշե Խաչատրյանը նշեց. “Այսօր տոնն առանձնակի կարևոր է մեզ համար, քանի որ երկրաշարժից հետո մեր ծննդատանը ծնվեց 50.000-րդ երեխան”:
Գյումրիի ծննդատուն էին եկել նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նրանք նվերներով ու ծաղիկներով շնորհավորեցին բոլոր նորածինների մայրիկներին, իսկ փոքրիկ Հայկի ընտանիքին պարգևատրեցին խրախուսական 100.000 դրամով: Ի դեպ, փոքրիկի ընտանիքին 100.000 դրամ էր նվիրել նաև ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Հայկը նվեր ստացավ նաև մանկասայլակ` մարզպետի կողմից, իսկ “Անի տուրը” նրա ընտանիքի անդամներից մեկին հնարավորություն ընձեռեց տեսնել Արևմտյան Հայաստանը:

Tags: