Բողոքավորների հետ ոստիկանության գիշերային բախումները Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում ամենաարյունահեղն էին անցած շաբաթվանից սկիզբ առած հուզումների ողջ ընթացքում:
Մզկիթները, խանութներն ու համալսարանի շենքը վերածվել են բուժկետերի, որտեղ վիրավորներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվում: Բողոքի ակցիայի մասնակիցները գիշերը քանդել են կամրջի արգելապատնեշներն ու դրանցից բարիկադներ կառուցել:
Ոստիկանության կիրառած արցունքաբեր գազից շատերի մոտ փսխում է առաջացել ու ուժեղ հազ: Գիշերային բախումներին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ:
Ոստիկանության տվյալներով, վերջին 2 օրում երկրի 67 քաղաքում ավելի քան 1700 մարդ է ձերբակալվել:
Այդ իրադարձությունների առիթով վարչապետ Էրդողանը հայտնել է, որ բողոքի ակցիայի ետևում արտասահմանից աջակցող ծայրահեղական խմբավորումներ են կանգնած:
Սկզբում ակցիաները սկսվեցին իշխանությունների` Գեզի այգու տեղում առևտրի-զվարճանքի համալիր կառուցելու պլանների կապակցությամբ,որոնք սկզբում տեղի էկոլոգների խաղաղ բնույթով ցույցեր էին, ապա, աստիճանաբար վերածվեցին Թուրքիայի վարչապետի ու կառավարող կուսակցության քաղաքականության, մասնավորապես` Թուրքիայի ենթադրվող իսլամականացման նկատմամբ դժգոհության:
Tags: թուրքիա