Չեխիայի կառավարությունը երկրում արտակարգ իրադրություն է հայտարարել: Պրահայում ու մյուս քաղաքներում, որտեղ գետերը դուրս են եկել հունից` ջրհեղեղային վիճակ է ստեղծվել: Տարերային աղետի կապակցությամբ Պրահայում վիճակը լարված է: Նախարարների արտահերթ խարհրդակցություն է հրավիրվել: Վարչապետ Պետր Նեչասը հեռուստատեսությամբ դիմել է ժողովրդին: Երկրի տարբեր շրջաններից բնակչության տարհանում է կատարվում, Պրահայում առնվազն մետրոպոլիտենի 8 կայարան է փակվել:
Վլատվայի ափամերձ հատվածում մետաղական արգելապատնեշներ են տեղադրել. Այդ աշխատանքներին կամավորներ են մասնակցում:
Ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունները խափանվել են: Ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրևներն են: Տեղեկություններ կան, որ բնակչության տարհանում է կատարվում նաև հարավային Գերմանիայում, Ավստրիայում ու Շվեյցարիայում:
Ավստրիական ու գերմանական իշխանությունները կարգադրել են աղետի գոտիներ ուղարկել զինվորական ստորաբաժանումներ:
Գերմանիայի Պասսաու ու Ռոզենհայմ քաղաքներում իշխանությունները արտակարգ իրադրություն են հայտարարել: Էլբայի, Հռենոսի ու Դանուբի մակարդակը գնալով բարձրանում է:
Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղի պատճառով զոհվել է առնվազն 3 մարդ, մի քանիսն էլ անհետ կորած են համարվում:
Tags: ջրհեղեղ