Սուրեն Խաչատրյանը հրաժարական է տվել

600809_10201356658456643_489916000_nՍուրեն Խաչատրյանը վայր է դրել Սյունիքի մարզպետի լիազորությունները:  Խաչատրյանը իր տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասում է.  «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում եւ Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլեւս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը և Սուրեն Խաչատրյանի թիկնապահներից  Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում են: Ավելի վաղ Բուդաղյաններն ու Խաչատրյանը վեճի էին բռնվել խնջույքի ժամանակ:

Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քր. օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և  235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Գործի շրջանակներում ձերբակալվել է Սուրեն Խաչատրյանի որդին ` Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:

Tags: ,