Շատ քիչ ծնողներ կցանկանային, որ իրենց երեխաները նման միջոցառման մասնակցեին:
Իսպանիայի հյուսիսում գտնվող Կաստրիլո դե Մուրսիա գյուղում 1621թ-ից ի վեր ամենամյա կազմակերպվող փառատոնի ժամանակ սատանային ներկայացնող Էլ Կոլաչո անվանումն ունեցող տղամարդը ցատկում է երեխաների վրայով նրանցից չար ոգին վանելու համար:
Այս միջոցառումը կազմակերպվում է միջնադարյան Քորպուս Քրիստի կաթոլիկ տոնի շրջանակներում: Միջնադարյան ավանդույթի համաձայն` այս կերպ երեխաներին ցույց են տալիս ճիշտ կյանքի ուղին և չարքը քշվում է ամբողջ քաղաքից:
Արարողաության ժամանակ ծնողները իրենց երեխաներին պառկեցնում են ներքնակի վրա, և սատանային խորհրդանշող դեղին համազգեստով տղամարդը ցատկում է նրանց վրայով:
Արարողության ընթացքում տարբեր տարիների երեխաների վնասվելու դեպքեր են գրանցվել: Այն մինչ այժմ համարվում է աշխարհի ամենառիսկային տոնակատարություններից մեկը:
Նախորդ պապը` Բենեդիկտոս XVI, իսպանացի քահանաներին խնդրել էր այլևս չպահպանել այդ ավանդույթը:
