Ամերիկյան «Time» հանդեսը անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ իր հոդվածը վերնագրելով այսպես՝«Թաքսիմը Էրդողանի համար Թահրիր հրապարա՞կը կդառնա»: Հոդվածում հիշեցվում է, որ Թուրքիայում մի շարք ցույցեր են տեղի ունեցել Էրդողանի կառավարության ընդունած որոշումների դեմ՝ PKK-ի հարցում, Սիրիայի խնդրի վերաբերյալ, արհեստական վիժեցման արգելքի և ոգելից խմիչքի վաճառքի ու օգտագործման սահմանափակման օրենքների դեպքում, մամուլի ազատության հարցում: Սակայն «Time» հանդեսը նշում է, որ «Gezi» այգու համար սկսված ցույցերը որակապես տարբերվում են նախորդներից և այն վերջին տարիներին կազմակերպված ամենամեծ բողոքի նախաձեռնությունն է համարվում:
«Time» հանդեսը հիշատակել է նաև Էրդողանի կառավարության գրանցած տնտեսական հաջողությունները և նշել, որ վերջին իրադարձությունները վարչապետի համար պետք է «արթնության կոչ» լինեն: «Այժմ ցուցարարների շրջանում կան երիտասարդ ձախեր, աշխարհիկներ, քիչ թվով կրոնամետներ, որոնք բոլորն էլ հակակառավարական դիրքորոշում ունեն: Էրդողանի համար ամենամեծ վտանգն այն է, որ պահպանողական մուսուլմանները, տեսնելով ոստիկանության կիրառած բռնությունները, կարող են անցնել ցուցարարների կողմը»,-գրում է «Time»-ը:
Tags: Թայիփ Էրդողանը, թուրքիա