Հաշմանդամ մարդկանց խնդիրները բազմազան են, դրանցից առաջնային կարելի է համարել հասարակությանը ինտեգրվելու խնդիրը: Այդ կապակցությամբ հունիսի 2-9-ը Երևանում անցկացվում է սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնը։
«Համագործակցություն-2013» խորագրով սայլակից օգտվող անձանց միջազգային մարաթոնի նպատակն է խթանել առօրյա կյանքում հաշմանդամների լիարժեք ինտեգրմանն ուղղված պետական ծրագրերի իրականացմանը, աջակցել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց խնդիրների լուծմանը: Տարբեր երկրներից ժամանած հաշմանդամություն ունեցող երիտասարդները կներկայացնեն իրենց երկրներում սահմանափակ կարողություններով անձանց խնդիրները։
«Համագործակցություն-2013» խորագիրը կրող միջազգային մարաթոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցիացիան։
«Ապարրել» ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Բուդյուկինը իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` իրենց խնդրանքը չմերժելու և աջակցելու, որ մարաթոնը Հայաստանում անցկացվի:
Ծրագրի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ. ծրագրի մասնակիցները կայցելեն Մայր Հայաստան հուշահամալիր, ծաղիկներ կդնեն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ: Կհրավիրվի «Կլոր սեղան» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, ծրագրի մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հանդիպում կունենան հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ։
Ինչպես նաև կկազմակերպվի հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ անձանց երթ Երևանի փողոցներով (անվասայլակներով, հեծանիվներով և այլն), ֆլեշ-մոբ ակցիա Հյուսիսային պողոտայում:
Լուսինե Ասատրյան
Tags: «Համագործակցություն-2013»