Ստամբուլի ցուցարարները առաջին մարդկային զոհը տվեցին

ahmedԹուրքիայի բժիշկների միությունը հետաքրքիր տվյալներ է հրապարակել ամբողջ երկրով մեկ շարունակվող ցույցերի վերաբերյալ: Ստամբուլի «Gezi» այգու պահպանության համար սկսված խաղաղ ցույցերի արդյունքում, որոնք աստիճանաբար վերածվեցին հակակառավարական ելույթների, ցավոք արդեն առաջին զոհը կա: Երեկ գիշերը Ստամբուլի Մայիսի 1-ի թաղամասում մի մեքենա վրայերթի է ենթարկել Մեհմեդ Այվալըթաշ անունով մի երիտասարդի: Միությունը հրապարակավ հայտարարել է. «Այս մահվան պատասխանատուն այն կառավարությունն է, որը օրեր շարունակ ընթացող ժողովրդավար ցույցերը փորձում է բռնությամբ դադարեցնել, ցուցարարների իրավացի պահանջները լսելու փոխարեն նրանց «երեք-հինգ ավազակ» է անվանում»:

«Radikal»-ը հաղորդում է, որ միության հրապարակած տվյալներով՝ այժմ 26 վիրավոր բուժվում է հիվանդանոցում, որոնցից 2-ի վիճակը ծանր է, 5-ը գտնվում են խիստ հսկողության տակ: 880 մարդ դիմելով հիվանդանոց՝ բուժում է ստանում տնային պայմաններում: Այս թվերին ավելացնելով Ստամբուլի մեկ այլ հիվանդանոցում առաջին օգնություն ստացած 625 հոգուն՝ ընդհանուր առմամբ վերջին օրերին նվազագույնը 1485 վիրավոր է գրանցվել:
Անկարայի հիվանդանոցներից ստացված տվյալներով՝ այնտեղ նվազագույնը 414 վիրավոր կա, որոնցից 15-ի վիճակը ծանր է, իսկ մի երիտասարդ մահվան վտանգի տակ է գտնվում: Իզմիրում երկու օրվա ընթացքում հիվանցանոց են դիմել 420 վիրավոր, որոնցից 60-ը հոսպիտալացվել է:

Tags: