Ստամբուլահայերը ևս մասնակցում են քաղաքում տեղի ունեցող ցույցերին. «Լույս» հանդեսի թղթակից

5Ինչպես մեզ հաղորդեց Ստամբուլից հայկական համայնքի «Լույս» հանդեսի թղթակիցը՝ երեկ ողջ գիշեր քաղաքում շարունակվել է լարված մթնոլորտ տիրել: Ինչպես նախորդ օրերին, այնպես էլ երեկ գիշեր Ստամբուլի փողոցներում կաթսաներով և թավաներով ամբոխի երթ է ընթացել: Քաղաքի հրապարակներում և կենտրոնական փողոցներում շարունակվում էր ցուցարարների ելույթները, սակայն ոստիկանության միջամտությունը թուլացել է: Վերջին տեղեկություններով՝ երկրի վարչապետ Թայիփ Էրդողանը, թողնելով երկիրը նման վիճակում, գնացել է Մարոկկո:

Խոսելով հակակառավարական ելույթներին հայկական համայնքի մասնակցության մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ հայ երիտասարդության մի մասը նույնպես միացել է ցուցարարներին, սակայն դա բնական է և առանձնահատուկ ոչ մի երևույթ չկա: Մեր այն հարցին, թե արդյոք սկսված շարժումը կարող է վերածվել հեղափոխական ալիքի, «Լույսի» թղթակիցը նշեց. «Խաղաղ ցույցը միանգամից վերածվեց հասարակական շարժման: Սակայն հույս ունենք, որ այն չի վերածվի հեղափոխության, քանի որ հենց ցուցարարները բավականաչափ վնաս են հասցրել բնակչության ունեցվածքին: Այսպիսով Թուրքիան հետընթաց է ապրում և լավ կլինի, որ րոպե առաջ ավարտվի այս ամենը»:

Tags: