Դիմորդներն այսօր քննություն են հանձնում հայոց լեզու և գրականությունից· ծնողները բարձր գնահատականի ակնկալիք չունեն

DSCN2227Այսօր ՀՀ և ԼՂՀ   36 քննակենտրոններում 8975  դիմորդներ քննություն են հանձնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից ( այս տարվա դիմորդների ընդհանուր թիվը 14 345 է):

ԵՊՀ քննակենտրոնում քննությանը ներկայացել են 318  դիմորդներից  298-ը: Քննակենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանն ասում է, որ ինչպես և ամեն տարի, գործում  են բջջային կապի խլացուցիչներ, դիմորդներին էլ կոչ են արել քննասենյակ մտնելուց  հանձնել բջջայինները:

Ծնողները քննության ընթացքին հետևում են էկրանների միջոցով: Ամեն մեկը փորձում է էկրանին գտնել իր երեխային, կռահել, թե ինչ հոգեվիճակում է, գիտի արդյոք հարցերի պատասխանները:

Թամարան, ով մասնագիտությամբ բանասեր է, էկրանին գտնելով ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դիմորդ եղբորը,  շտապում է լուսանկարել նրան: Ասում է, որ վախենում են հենց հայոց լեզվի քննությունից, չնայած որ մեկ տարի պարապել է թե կրկնուսույցի մոտ, թե ինքն է հետը պարապել: Նրա խոսքով այս տարվա թեստերն արհեստական բարդացված են ու չնայած շտեմարանով են, միևնույն է, բարձր գնահատական ակնկալելը դժվար է:

Վախեցած իր տղային է փնտրում նաև տիկին Արմինեն· նրա որդին Տնտեսագիտական համալսարանի դիմորդ է: Ասում է, որ մեկ տարի կրկնուսույցի մոտ է պարապել, թեստերից մշտապես  18-19  ստացել, սակայն միևնույն է, քննությունից վախենում են, կոնկրետ գնահատականի ակնկալիք էլ չունեն· «Միշտ էլ հայոց լեզվի քննության ժամանակ մի անակնկալ լինում է: Երեք տարի առաջ ավագ որդիս էլ է հայոց լեզվից քննություն հանձնել,նրա  փորձով գիտեմ»:

Հայոց լեզվի քննության տևողությունը երեք ժամ է: Գնահատականները ԳԹԿ-ն կհրապարակի քննություններից չորս օր անց: