Չհաջողված ակցիա Ադրբեջանում` ի պաշտպանություն Թուրքիայում տեղի ունեցող ցույցերի

1Հունիսի 3-ին Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցներն ադրբեջանցի ակտիվիստներին թույլ չեն տվել ակցիա անցկացնել`ի պաշտպանություն Թուրքիայում տեղի ունեցող ցույցերի:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, 50 ակտիվիստներից բաղկացած մի խումբ հավաքվել էր Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան  տարածքում՝ կոչ անելով բավարարել Ստամբուլ քաղաքի զբոսայգիներից մեկը հատելու որոշման դեմ բողոքող թուրք ցուցարարների պահանջները:

 

Ոստիկանները ցուցարարներին հեռացրել են դեսպանատան շենքի առջևից: Սակայն նրանք լրագրողներին հայտարարել են, որ իրենց ակցիան շարունակելու են Բաքվի այլ կենտրոնական վայրերում`չնշելով, թե հատկապես որտեղ:

 

Հավելենք, որ Թուրքիայի դեսպանատան առջև տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանները ուժ են գործադրել լրագրողներից մեկի նկատմամբ:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին: Ցուցարարները ի սկզբանե պահանջում էին հրաժարվել քաղաքի “Գեզի” այգին հատելուց, սակայն շուտով ցուցարարները սկսեցին պահանջել նաև վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հրաժարականը՝ Թուրքիայի կառավարությանը մեղադրելով խոսքի ազատությունը սահմանափակելու, ընդդիմադիրներին ճնշելու և աշխարհիկ Թուրքիան իսլամական դարձնելու նկրտումների մեջ: Ստամբուլին միացան նաև թուրքական այլ քաղաքներ: Ոստիկանների հետ բախումների հետևանքով արդեն ձերբակալվել է ավելի քան 1 700 ցուցարար, մի քանի հարյուրն էլ վիրավորվել են: Արդեն կա մեկ զոհ:

 

 

 

Tags: