Սյունիքի մարզպետի որդու մեղադրանքը խստացվել է

գորիսՍյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի մեղադրանքը լրացվել եւ խստացվել է։ Ինչպես հայտնի է դարձել  Անկախին, ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում ձևավորված քննչական խմբի ղեկավարի կողմից 03.06.2013թ. որոշումներ են կայացվել Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանին և Տիգրան Սուրիկի Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235 հոդ. 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 112 հոդ. 1-ին մասերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանք առաջադրելու մասին:

Նույն օրը միջնորդություններ են ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Զ.Նիկողոսյանի և Տ.Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են, միաժամանակ մերժվել են վերջիններիս պաշտպանների կողմից ներկայացված գրավի միջնորդությունները:

Այսինքն՝ նախաքննական մարմինը մեղադրանքներն առաջադրելիս ավելի խստացրել է։

Տ.Խաչատրյանին եւ Զ.Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել երեկ՝ հունիսի 3-ին եւ նույն օրը կալանավորվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ նրանք նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ երկամսյա ժամեկտով։ Ընդ որում, մեղադրյալները կպահվեն ոչ թե Գորիսում, այլ նրանք արդեն տեղափոխվել են Երեւան՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետեւանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, եւս երկուսը` վերջինիս եղբայր, N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը եւ Սյունիքի մարզպետի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Tags: ,