Երիտասարդ բնապահպանների սկսած գործողությունները Թուրքիայում հանգեցրել են ներքաղաքական լրջագույն լարվածության, այն դեպքում, երբ շարժումը լիդեր չունի` ոչ մի քաղաքական ուժ չի կարողանում այն գլխավորել: Այս շարժումը բացահայտեց Թուրքական «ժողովրդավարության» և թուրքական ԶԼՄ-ների իսկական դեմքը. ԶԼՄ-ներն ուղղորդվում են իշխանությունների կողմից, իսկ երկիրը հեռու է ժողովրդավար լինելուց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Ըստ նրա`այս շարժումը ցույց է տալիս, որ Թուրքիայի գործող իշխանությունը չի բավարարում հասարակության պահանջները: Այդ է պատճառը, որ բացի բնապահպանական կոչերից, հնչում են նաև քաղաքական կոչեր` ուղղված գործող իշխանությանը: Ռուբեն Մելքոնյանը վստահ է` այս շարժմանն անուղղակիորեն աջակցում է Արևմուտքը, որը շահագրգռված է շարունակության հարցում: «Վառ ապացույցն այն է, որ արևմտյան լրատվամիջոցները հպանցիկ անդրադարձան բնապահպանների բողոքի ակցիային: Սրանով Արևմուտքը մեսիջ է ուղարկում Թուրքիային` հասկացնելով, որ նա Սիրիայի հարցում պետք է քիչ պահանջներ ներկայացնի», – ասաց բանախոսը:
Ռուբեն Մելքոնյանը չի բացառում, որ շուտով կսկսվի «թուրքական գարունը», քանի որ Թունիսում խժդժությունները սկսվեցին կանաչի վաճառողի սպանությունից:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ ներգրավվածություն ունի այս շարժմանը Թուրքիայի հայկական համայնքը, բանախոսը պատասխանեց. «Հայկական համայնքի մի հատված հարում է թուրքական ձախ ուժերին, հետևաբար չի կարող չներգրավվել բնապահպանների բողոքի ակցիաներին: Որքան էլ զարմանալի թվա, Թուրքիայում ցանկացած խնդրի դեպքում կարմիր թելի նման անցնում է հայկական թեմատիկան: Մասնավորապես` բնապահպանները պայքարում են թուրքական մի այգու համար, որտեղ իշխանությունները ցանկանում են ծառահատում անել: Այգու հարևանությամբ ժամանակին գտնվում էր հայկական գերեզմանոց, որը որոշ ժամանակ առաջ դարձավ բիզնես կենտրոն: Բնապահպաններն այն ժամանակ չարձագանքեցին ու հիմա իրենք են խոստովանում, որ եթե այն ժամանակ չլռեին ու պայքարեինք հայկական գերեզմանոցի պահպանման համար, ապա այսօր իրավիճակն այլ կլիներ»,- մանրամասնեց Ռուբեն Մելքոնյանը և, այնուամենայնիվ, մատնանշեց, որ չի կարծում, թե այս ամենը էական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա:
Tags: թուրքիա
