Թուրքիայի արհմիությունների խոշորագույն կոնֆեդերացիան՝ KESK-ը, միացել է երկրի խոշոր քաղաքներում ծավալված հակակառավարական ցույցին: KESK-ը “Գեզի” այգու ցուցարարներին աջակցելու և իշխանություններին սթափեցնելու նպատակով հունիսի 4-5-ը գործադուլ է հայտարարել:
Ինչպես հաղորդում է թուրքական “Տ24” կայքը, KESK-ի կողմից հայտարարված գործադուլին մասնակցելու են 11 արհմիությունից մոտ 240 հազար աշխատավորներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին: Ցուցարարները ի սկզբանե պահանջում էին հրաժարվել քաղաքի “Գեզի” այգին հատելուց, սակայն շուտով ցուցարարները սկսեցին պահանջել նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը՝ Թուրքիայի կառավարությանը մեղադրելով խոսքի ազատությունը սահմանափակելու, ընդդիմադիրներին ճնշելու և աշխարհիկ Թուրքիան իսլամական դարձնելու նկրտումների մեջ: Ստամբուլին միացան նաև թուրքական այլ քաղաքներ: Թուրքիայում բախումները դեռևս շարունակվում են: Արդեն զոհվել է երկու մարդ:
Tags: թուրքիա