2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև իսրայելաբնակ կին լրագրող, իրավաբան, հասարակական գործիչ, գրող, Ադրբեջան-Իսրայել բարեկամության ասոցիացիայի անդամ Միլանա Գորենշտեյնը:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “1նյուզ” կայքը` հղում կատարելով “Միլանաս” կայքին, Միլանան 1969թ.-ից սկսած Ադրբեջանի քաղաքացի է:
Միլանայի թեկնածությունն Ադրբեջանի նախագահական ընտրություններում առաջադրելու է “Սիրո Կուսակցություն” քաղաքական ուժը:
Լրագրողուհու նախընտրական ծրագրի հիմնական բովանդակությունն արդեն հայտնի է՝ բարելավել մարդու իրավունքների վիճակը, ավելի մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել կենդանիների նկատմամբ, կատարելագործել առողջապահության և կրթության համակարգերը, ինչպես նաև խաղաղ ճանապարհով կարգավորել ԼՂ հակամարտությունը:
Հավելենք, որ 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: 2008թ.-ին Ադրբեջանի սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն գործող նախագահ Իլհամ Ալիևին թույլ է տրվում երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ընտրություններում: Մինչ այդ նույն անձը կարող էր միայն երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել:
