Ազատամարտիկ «Շուշի 92» ՀԿ-ի նախագահ Իշխան Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ազատամարտիկների խնդիրների մասին, հիշեցրեց` կառավարությանն իրենք սոցիալական փաթեթ են ուղարկել, բայց պատասխանները իրենց չեն բավարարում: «Այսօր անտեսված են այն տղաները, որոնց շնորհիվ փառքով ծածանվում է մեր երկրի դրոշը: Կառավարության որևէ անդամ մտե՞լ է նրանցից մեկի տուն և բացել սառնարանը` տեսնի նա ապրու՞մ է, թե՞ գոյատևում: Պետական այրերը ազատամարտիկների կենացն են խմում ու ծաղիկ դնում զոհվածների շիրիմներին… այս ամենի կարիքը չունենք: Ավելի լավ է փորձեն շտկել կենդանի հերոսների սոցիալական վիճակը», – ասաց Իշխան Սարգսյանը և հավելեց, որ հաշմանդամ ազատամարտիկների վիճակը շատ ավելի ծանր է, քանի որ տրված թոշակով անգամ անհրաժեշտ դեղորայք հնարավոր չէ գնել: «Ադրբեջանն ամեն կերպ աջակցում է իր մարդասպան հերոսին, իսկ մե՞նք ինչ ենք անում»,- վրդովված ու հուզված ասաց ազատամարտիկը:
Ասուլիսի մյուս բանախոս, «Արաբո» հԿ-ի անդամ Հակոբ Հակոբյանի խոսքով էլ այն հերոսները, որ չեն զոհվել պատերազմի ժամանակ, երբեմն իրոք նախանձում են զոհված ընկերներին. «Մենք հո մեղավոր չե՞նք, որ չենք զոհվել», – վրդովվեց Հակոբ Հակոբյանը:
Tags: Ազատամարտիկ «Շուշի 92»

