Կառավարությունը քաջատեղյակ է երկրի խնդիրներին, իսկ այ լուծումների հարցում, կարծես, հստակությունը պակասում է

DSCN3954«Հայացք» մամուլի ակումբում ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և տնտեսագիտության թեկնածու Բագրատ Ասատրյանը այսօր անդրադարձան երկրի  սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին:

Բագրատ Ասատրյանը նկատեց, որ կառավարության բոլոր խոստումները այնքան ուռճացված են, որ թերևս չեն իրականանա,  եթե դրան էլ ավելացնենք գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումները, որոնց կհետևեն լայնածավալ թանկացումներ ողջ շուկայում ու նկատի ունենանք աճող արտագաղթն ու ծնելության մակարդակի անկումը, ապա շուտով  կկանգնենք այն փաստի առաջ, որ Հանրապետական կուսակցության գործունեության արդյունքում մեր երկրում ծնվողների թիվը կլինի ավելի քիչ, քան մահացողներինը: Հակոբ Հակոբյանը միանշանակ համաձայնեց բարձրացված բոլոր խնդիրների հետ և հավելեց. «Թանկացումների ժամանակ պետության առաջնային ֆունկցիան է չթողնել, որ աղքատները տուժեն, դրա համար արդեն իսկ քննարկվում է աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման հարցը»:  Բագրատ Ասատրյանը  հակադարձեց` ասելով, որ պետության առաջնային ֆունկցիան է չթողնել, որ թանկացումներ լինեն, սակայն ԱԺ պատգամավորը նշեց, որ մեր կառավարությունը չէր կարող կանխել գազի թանկացումը, քանի որ այդ առումով մենք կախված ենք Ռուսաստանից ու դեռ երկար կախված կլինենք. «2013 թ-ի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կհասնի 45000-ի: Սա ուրվագծվող առաջին լուծումն է: Մյուս տարվանից ընդհանուր առմամբ կբարձրանան աշխատավարձներն ու կենսաթոշակները», – ասաց Հակոբ Հակոբյանը և հավելեց, որ խնդիրների լուծում իբրև պետք է փորձել նաև զարկ տալ արտահանմանը. «Ներմուծումը կրճատել է պետք, իսկ արտահանումը` կրկնապատկել»:

Հարցին, թե այս «պետք է» -ները, ով պետք է կյանքի կոչի, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Իրականացնողը իշխանությունն է, ընդդիմությունը պիտի պարտադրի, որ առաջինը իրականացնի, իսկ ԶԼՄ-ները պիտի  հետևեն պրոցեսին»: