Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցող ցույցերի ժամանակ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ ուղղված կարգախոսներ են հնչել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ մի խումբ ցուցարարներ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում “Ալի’և, հերթը քոնն է” վերտառությամբ պաստառներ են պարզել: Ըստ կայքի` այդ ցուցարարներն ադրբեջանցիներ են`ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին: Ցուցարարները ի սկզբանե պահանջում էին հրաժարվել քաղաքի “Գեզի” այգին հատելուց, սակայն շուտով ցուցարարները սկսեցին պահանջել նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը՝ Թուրքիայի կառավարությանը մեղադրելով խոսքի ազատությունը սահմանափակելու, ընդդիմադիրներին ճնշելու և աշխարհիկ Թուրքիան իսլամական դարձնելու նկրտումների մեջ: Ստամբուլին միացել են նաև թուրքական այլ քաղաքներ: Թուրքիայում բախումները դեռևս շարունակվում են: Արդեն զոհվել է երկու մարդ: Արդեն տեղեկություններ կան երրորդ զահի մասին:
Հավելենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ներողություն է խնդրել ցուցարարներից: “Ցույցի սկզբնական շրջանում շրջակա միջավայրի պաշտպանության համար պայքարողների դեմ կիրառված ուժը սխալ, անարդար էր: Այդ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում ”,- ասել է նա:
Tags: ադրբեջան
