Սիրիայում երկու տարի շարունակվող ներքաղաքական պատերազմում երկար ժամանակ է, ինչ Լիբանանի հետ սահմանին գտնվող Քուսեիր քաղաքը գտնվում էր ընդդիմության ձեռքում: Ահա այսօր ռազմավարական նշանակություն ունեցող այդ կետը անցել է նախագահ Բաշար Ասադի ուժերի հսկողության տակ: «El Arabiya» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ սիրիական ընդդիմությունը երեկ գիշերը հետ է քաշվել Քուսեիր քաղաքից: Հայտնի է, որ Ասադի բանակի հետ միասին Քուսեիրի համար Սիրիայի ազատության բանակի և մյուս ընդդիմադիրների դեմ պայքարել են նաև «Հզբալլահ»-ի մարտիկները:
Ընդդիմադիր ուժերը «Reuters» լրատվական գործակալությանը հաղորդել են, որ իրենց հետ քաշվելու պատճառը ռազմական սպառազինության պակասությունն էր և Ասադի բանակի գերազանցությունը զենքի տեսանկյունից: Հայտնի է նաև, որ օդային ռմբակոծման հետևանքով քաղաքում մեծ թվով զոհեր և վիրավորներ կան:
Սիրիական կառավարության բանակն էլ վերջին զարգացումների վերաբերյալ հետևյալ հայտարարությունն է արել. «Երկրի ամեն մի անկյունը մեր հսկողության տակ վերցնելով՝ շարունակելու ենք պայքարել: Մեր վրա հարձակվողներին առանց վարանելու երկաթե բռունցքով հակահարված ենք տալու: Նրանց ճակատագիրը կամ հանձնվել է, կամ էլ մեռնելը»:
