Անկարայում ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ

ankaraԹուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ այսօր ևս Անկարայի Քըզըլայ հրապարակը բավական բազմամարդ էր: Չնայած Թուրքիայում սկսված հակակառավարական շարժման մեջ որոշակի դրական փոփոխություններ էին նկատվել և ցուցարարների ելույթները նվազել էին, սակայն այնուհանդերձ այսօր ևս Անկարայում ոստիկանությունը միջամտել է ցույցերին:

Ցերեկային ժամերին Անկարայի կենտրոնական հրապարակում հավաքվել է մի խումբ բազմություն՝ այդ թվում քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Արդեն երեկոյան ժամերին ոստիկանությունը ցուցարարներից պահանջել է լքել տարածքը: Ըստ հաղորդվող լուրերի՝ ոստիկանությունը, տեսնելով ամբոխի մեջ իր դեմ հարձակման նախապատրաստվողների, միանգամից նրանց ուղղությամբ արցունքաբեր գազ է բաց թողել: Ցուցարարները սկսել են ցրվել մոտակա փողոցներով, սակայն ոստիկանությունը շարունակել է նրանց հետապնդել: Որոշ փողոցներ արձակված գազի պատճառով մշուշի մեջ են հատնվել:
Չնայած սկսված անձրևին և ոստիկանության ճնշումներին՝ ցուցարարները կրկին սկսել են հավաքվել: Հրապարակի շրջակա փողոցներում երթևեկությունը երբեմն փակվում է, ոստիկանությունը շարունակում է ճնշել ցուցարարներին:

Tags: