Մոսկվայի մետրոյում բռնկված հրդեհի պատճառով էվակուացվել է 45,000 մարդ, երկու տասնյակ ուղևորներ վնասվածքներ են ստացել

m4Մոսկվայի մետրոյում բռնկված հրդեհի պատճառով էվակուացվել է 45,000 մարդ, երկու տասնյակ ուղևորներ վնասվածքներ են ստացել

Մոսկվայի մետրոյում երթևեկության ծանրաբեռնված ժամին բռնկված հրդեհից տասնյակ մարդիկ են վնասվել, հազարավոր մարդիկ էվակուացվել են, փակվել են ցանցի որոշ հատվածներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել էր Կարմիր հրապարակին կից Օխոտնիյ Ռյադ կայարանի թունելում էլեկտրական հոսանքի լարից:

Նախարարության տվյալներով՝ 45 մարդու բուժօգնություն է ցուցաբերվել, յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Տուժածների մեծ մասը ծխից շնչահեղձ վիճակում էին, հազարավոր մարդիկ էվակուացվել են:

Մինչ հրշեջները պայքարում էին կրակի դեմ, իշխանությունները փակել են Մոսկվայի կենտրոնական հատվածով անցնող մետրոյի գիծը:

Ականատեսների խոսքով՝ Մոսկվայի կենտրոնում ամբոխներ էին հավաքվել՝ մարդիկ ստիպված էին ոտքով գնալ աշխատանքի:

Մետրոն իր աշխատանքը վերսկսել է Մոսկվայի ժամանակով կեսօրին, սակայն կես ժամ անց որոշ հատվածներ փակվել էին, քանի որ այդտեղ ևս հայտնաբերվել են վտանգավոր հոսանքալարեր:

Մոսկվայի մետրոն բնակչության տեղափոխման հիմնական միջոց է համարվում և օրեկան սպասարկում է 7 միլիոն մարդու: