Լոնդոնի հյուսիսում այրվել է մի շենք, որը տեղի սոմալիական համայնքը օգտագործում էր որպես մզկիթ:
Շենքն այրվել է գիշերը: Հրշեջները 2 ժամ փորձել են շիջել կրակը,սակայն շինությունը փրկել չի հաջողվել:”Ամեն ինչ այրվել է, պատերը փլուզվել են, ոչինչ չի մնացել: Չգիտեմ, կկարողանանք արդյոք ինչ որ բան այստեղ վերականգնել”,ասել է կենտրոնի տնօրեն Աբուբակար Ալին: Հրդեհից ոչ ոք չի տուժել, սակայն ոստիկանությունը հետաքննություն է սկսել ու ենթադրում է, որ կատարվածը հրկիզման հետևանք է: Պատերի մնացորդների վրա հայտնաբերվել են Անգլիական պաշտպանության լիգայի`ուլտրաազգայնական խմբավորման գրաֆիտիները: Ենթադրվում է, որ կատարվածը բրիտանացի զինվորի սպանության համար վրիժառություն է: Հետաքննությանը մասնակցում են նաև ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման մասնագետները:
Անգլիական պաշտպանության լիգայի ղեկավարության խոսքով, կատարվածի հետ իրենք ոչ մի առնչություն չունեն: Սակայն, Սոմալիի տեղի համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ դա հարձակում է:”Մարդիկ վախենում են, նրանք նույնիսկ աղոթելու համար մզկիթ չեն գնում: Դա լուրջ սպառնալիք է, կառավարությունը պետք է հրատապ լուծի այդ խնդիրը: Մենք ցնցված ենք մեր խաղաղ համայնքի վրա կատարված հարձակումով”,ասում է Լոնդոնում սոմալական սփյուռքի ներկայացուցիչ Մուհամեդ Էլբին:
Tags: հրդեհ