Հայաստանում առաջին բջջային դրամապանակը կներկայացնեն երիտասարդ ստեղծագործողները. հայտարարված է մրցույթ

asulis3Հայաստանում առաջին բջջային դրամապանակը ներկայացնող դեմո-հոլովակների մրցույթ է հայտարարված, որին կարող են մասնակցել երիտասարդ ռեժիսորներ, օպերատորներ, լրագրողներ. խրախուսվում են ուսանող մասնակիցները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԻԴՐԱՄ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Մադաթյանը:

ԻԴՐԱՄ բջջային դրամապանակը, որը գործում է 2012 թ. հոկտեմբերից,  նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար. այն հնարավորություն է տալիս բազմաթիվ ֆինանսական գործարքներ կատարել բջջային հեռախոսից:

Ինչպես տեղեկացրեց ԻԴՐԱՄ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն, մրցույթը նպատակ ունի բարձրացնելու ժամանակակից վճարային համակարգերի վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, միաժամանակ հնարավորություն ստեղծելու փորձարկելու մասնագիտական ուժերը դեմո-հոլովակների նկարահանման ոլորտում:

Նախաձեռնությանը միացել են նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, «Օրդֆիլմ» կինոընկերությունը, «Մոբայլ սենթր» խանութների ցանցը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան Աննա Երզինկյանը կարևորեց մրցույթը` նշելով, որ նմանատիպ նախաձեռնությունները ակտիվացնում են ուսումնառության գործընթացը: Նրա խոսքով` թատերական ինստիտուտի ուսանողներից շատերը կարձագանքեն մրցույթին և հաջողությամբ կմասնակցեն:

«Օրդֆիլմ» կինոընկերության ադմինիստրատոր Աննա Գրիգորյանի խոսքով` կինոընկերությունը մշտապես խրախուսում է երիտասարդներին. այս մրցույթի շրջանակներում էլ կտրամադրի տեխնիկական օգնություն, նաև պրոդյուսերական աջակցություն լավագույններին:

Հոլովակները հարկավոր է տեղադրել YouTube-ում և հղումն ուղարկել media@idram.am հասցեին: Վերջնաժամկետը հունիսի 30-ն է:

Մրցույթն անցկացվելու է 2 փուլով: Առաջին փուլում հաղթողներին (5 մասնակցի) ընտրելու է պրոֆեսիոնալ ժյուրին` կազմված Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և ՕՐԴՖԻԼՄ կինոընկերության լավագույն մասնագետներից:

Երկրորդ փուլում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված աշխատանքները կդրվեն Facebook-ում բաց քվեարկության:

Երկու փուլերի արդյունքներով լավագույնը ճանաչված հոլովակի հեղինակը ԻԴՐԱՄ-ի գործընկեր «Մոբայլ սենթր»-ի կողմից որպես մրցանակ կստանա  Samsung Galaxy Ace S5830  հեռախոս և  ԻԴՐԱՄ հաշվի լիցքավորում:

Լավագույն հոլովակի հեղինակը  պրոդյուսերական աջակցություն կստանա ՕՐԴՖԻԼՄ կինոընկերության կողմից, իսկ 2-5-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կներգրավվեն կինոընկերության կողմից իրականացվող տարբեր ծրագրերում: