Շինթույլտվությունները տրամադրվում են պարզեցված ընթացակարգով

Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանում բնակչության կողմից ստացվող դիմումների մեջ զգալի թիվ են կազմում գործառնական նշանակության շինարարություն ծավալելու թույլտվություն ստանալու մասին դիմումները:  Ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար սահմանված է 10-օրյա ժամկետ, որից հետո քաղաքացին կարող է իր նախագծային առաջարկով դիմել Մեկ պատուհանի գրասենյակներ՝  միաժամանակ ստանալով նախագծի համաձայնություն և շինթույլտվություն:

Բնակչության սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշակվել և ավագանու որոշմամբ սահմանվել է շինթույլտվության տրամադրման պարզեցված ընթացակարգ: Քաղաքապետի հանձնարարությամբ սահմանված պարզեցված ընթացակարգով,  եթե խոսքը արդեն կառուցված ցածրահարկ բնակելի տան, օրինակ՝ ցանկապատը կամ զրուցարանը վերակառուցելու մասին է,  քաղաքացիները կարող են դիմել տվյալ վարչական շրջանի մեկ պատուհանի գրասենյակ և 2-3 օրում ստանալ  էսքիզային առաջարկ: Նման դեպքերում շինթույլտվություն կամ ավարտական ակտ չի պահանջվում: Նախկինում, ի դեպ, նույն գործընթացը կարող էր շուրջ 1 ամիս տևել: Վարչական շրջանների աշխատակազմերում կարելի է համաձայնեցնել նաև  նոր բնակելի տների նախագծերը:

Եթե քաղաքացին   հնարավորություն չունի  նախագիծ պատվիրելու, քաղաքապետարանի կողմից անվճար հիմունքներով տրամադրվում են արդեն հաստատված նախագծի օրինակ և արագ շինթույլտվություն:

Եթե մասնավոր տնատիրության հատվածում կառուցվող նոր շինությունը գտնվում է հարևան տան շինության սահմանաեզրին, և կարող են դրանից բխող խնդիրներ առաջանալ, ապա անհրաժեշտ է նաև ունենալ հարևանի գրավոր համաձայնությունը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Tags: