Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացնելու

1Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացնելու Արդարադատության միջազգային դատարան:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը, Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն այդ հայցով հայկական կողմից պահանջելու է փոխհատուցում վճարել “ադրբեջանական հողերի օկուպացման” հետևանքով Ադրբեջանին հասցված նյութական վնասի համար:

 

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ միջազգային վարկանիշային կազմակերպությունների փորձագետների հետ իրենք այժմ հասցված վնասի ստույգ չափը գնահատելու ուղղությամբ աշխատանքներ են տանում: “Նախնական գնահատականով՝ ադրբեջանական տարածքների բռնազավթման հետևանքով Ադրբեջանին հասցված տնտեսական վնասի չափը գերազանցում է 300 մլրդ դոլարը: Ադրբեջանի նախագահը հրահանգել է, որ գնահատումը կատարվի միջազգային չափանիշներին համապատասխան: Փաստաթղթի պատրաստմանը մասնակցում է Գնահատողների միջազգային ասոցիացիան: Փաստաթուղթը պատրասատելու են միջազգային գնահատողները, ինչպես նաև ադրբեջանցի գիտնականները, տնտեսագետները, հասարակական կազմակերպությունները: Ադրբեջանի կառավարությունը չի միջամտելու այդ փաստաթղթի պատրաստմանը: Փաստաթուղթը պատրաստ լինելուն պես ադրբեջանական կողմը փոխհատուցման պահանջով հայց է ներկայացնելու: Արդեն երկար ժամանակ է, ինչ հայերը ոչ միայն շահագործում են բռնազավթված տարածքների օգտակար հանածոները, այլև օգտվում են այդ տարածքների մյուս բարիքներից”,-ասել է Հասանովը:

 

Ըստ Հասանովի՝ Ադրբեջանը մինչև այժմ Հայաստանի դեմ նման հայց չի ներկայացրել, քանի որ սպասել է, որ “հայկական կողմը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր կձեռնարկի, սակայն իրենք դա չեն տեսել, ուստի նման որոշմանն են հանգել”:

 

 

Tags: