Երկու «Արարատների» պատմական հանդիպումը Երեւանում

51793d2d01472_medium«Բոլորը  ուղեւորվում  են  Երեւան»,  ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաեւ ֆուտբոլային 2 հանդիպում, որի նախաձեռնողը Էստոնիայի 1-ին խմբի առաջնության մասնակից՝ հայկական ակումբի՝ Տալլինի «Արարատ »-ի նախագահ Ավետիս Հարությունյանն է  ՀՖՖ-ի հետ համատեղ:

     Հայկական ակումբը Երեւան կժամանի հունիսի 12-ի կեսօրին եւ կհանգրվանի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 13-ին ժամը 17-ին «Փյունիկի» մարզադպրոցի խաղադաշտում ընկերական հանդիպում կկայանա «Արարատ-ՏՏՈՒ»-ի եւ «Փյունիկ-2»-ի միջեւ: Իսկ հունիսի 15-ին ժամը 18-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի նորակառույց  ու հարմարավետ մարզադաշտում տեղի կունենա պատմական միջազգային ընկերական հանդիպում երկու «Արարատների» միջեւ՝ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Երեւանի «Արարատի» եւ Տալլինի «Արարատ-ՏՏՈՒ»-ի միջեւ: Նկատենք, որ տալլինյան ակումբի պաշտոնական կայքում՝ FCArarat.ee-ում կազմակերպվելու է այս հանդիպման ուղիղ հեռարձակումը:

Բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում ենք ներկա գտնվելու՝ «Արարատ-ՏՏՈՒ»-ի երեւանյան մրցելույթներին:

 

Տալլինի հայկական ֆուտբոլային ակումբ՝ «Արարատ»

 

2005-2009 թ.թ.  Տալլինի   «Արարատ»  թիմը  հանդես  է  եկել  Ալբերտ  Ստեփանյանի  ղեկավարությամբ :  2010-ին  ստեղծվել  է  Տալլինի  «Արարատ»  ֆուտբոլային  ակումբը, որի  նախագահն  է   ֆուտբոլի  մեծ  նվիրյալ  Ավետիս  Հարությունյանը:  «Արարատ»  ՖԱ-ն    իր գործընկեր  Տալլինի   տեխնոլոգիական   համալսարանի  մարզական  ակումբի    հետ  համատեղ   նույն  տարում  ստեղծել  են  «Արարատ-ՏՏՈՒ»  թիմը , որն  էլ  պաշտոնական  մրցաշարերում    2010թ.-ից ներկայանում  է  այդ  անվամբ:

2005-ին   Տալլինի  «Արարատը» իր մրցելույթներն է սկսել Էստոնիայի 4-րդ խմբի առաջնությունում, ու հենց առաջին տարում էլ գրավելով 3-րդ տեղը իրավունք է ստացել հաջորդ մրցաշրջանից հանդես  գալու 3-րդ  խմբում: 2006-ին գերազանց մրցելույթների շնորհիվ  3-րդ խմբում 1-ին հորիզոնականը զբաղեցնելով 2007-ին արդեն հայկական ակումբը 2-րդ խմբում խաղալու իրավունք է ստացել: Նկատենք, որ այդ շրջանում   Տալլինի «Արարատը »  իրեն փայլուն  է  դրսեւորել  նաեւ 2-4-րդ   խմբերի թիմերի մասնակցությամբ կազմակերպվող Էստոնիայի փոքր գավաթի խաղարկությունում, ու 3 անգամ՝ 2006-2008թթ. նվաճել է պատվավոր մրցանակը: Բացի այդ 2 անգամ էլ՝ 2009-ին եւ 2012-ին հասել  է  այս ներկայացուցչական(մինչեւ 128 թիմ է մասնակցում) ստուգատեսի եզրափակիչ:

Շարունակելով առաջադիմումն ու վստահ ելույթները                «Արարատ-ՏՏՈՒ»-ն  2013-ից  իրավունք է ստացել մասնակցելու Էստոնիայի 1-ին խմբի առաջնության «Բ» ենթախմբի մրցաշարին: Այստեղ եւս հայկական ակումբի գործերը շատ հաջող են ընթանում: Այժմ 14 տուրից հետո վաստակած 24 միավորով ենթախմբի նորեկը՝ «Արարատ-ՏՏՈՒ»-ն 10 թիմերի պայքարում զբաղեցնում է  պատվաբեր՝ 3-րդ տեղը: Ակումբի 28-ամյա կիսապաշտպան Անդրեյ Անտոնովը ներկայումս խփած 9 գոլով մրցաշարի լավագույն ռմբարկուն է: «Արարատ-ՏՏՈՒ»-ի հենասյուներն ու առաջատար խաղացողները՝ ակումբի նախագահ, թիմի ավագ ,28-ամյա հարձակվող Ավետիս Հարությունյանն ու խաղացող մարզիչ՝ 32-ամյա կիսապաշտպան Վահագն Հարությունյանն են: Ավետիս Հարությունյանը ֆուտբոլի Էստոնիայի  ֆեդերացիայի    ֆուտզալի  կոմիտեի  անդամ է, ինչպես նաեւ ֆուտզալի Էստոնիայի ազգային հավաքականի խաղացող:

Ակումբի դուստր թիմը՝ «Արարատ-ՏՏՈՒ-2»-ը այս մրցաշրջանում նորամուտն է նշում 3-րդ խմբի առաջնության «հյուսիս» գոտու մրցաշարում, եւ ներկայումս 12 թիմերի պայքարում ընթանում է 5-րդ տեղում: Այս թիմի առաջատար խաղացողներից է՝ 22-ամյա կիսապաշտպան Պավել  Գաբրիելյանը:

«Արարատ-ՏՏՈՒ»-ն շատ հաջող է հանդես գալիս նաեւ ֆուտզալի Էստոնիայի բարձրագույն խմբի առաջնությունում, որտեղ այս տարի մասնավորապես գրավել է 4-րդ տեղը, իսկ թիմի խաղացող Անդրեյ Անտոնովն էլ արժանացել է մրցաշարի ամենաարդյունավետ խաղացողի հատուկ մրցանակին:

 

Տալլինի «Արարատի» մամուլի ծառայություն

Tags: