Ներկայացվել է «Զարգացման հայկական գործակալության» 2012 թ. գործունեության հաշվետվությունը

10455_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի հերթական նիստը։

Համաձայն օրակարգի` քննարկվել է գործակալության 2012 թ. տարեկան գործունեության հաշվետվությունը: Մասնավորապես, ԶՀԳ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն անդրադարձել է ներդրումների ներգրավման և արտահանման խթանման ուղղությամբ իրականացված ու ընթացիկ ծրագրերին: Նա տեղեկացրել է, որ 2012 թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ (շինարարություն, բարձր տեխնոլոգիաներ, բիոտեխնոլոգիաներ և այլն), արտահանման խթանումը` շուրջ 4.5 մլրդ ՀՀ դրամ (սննդարդյունաբերություն, ոգելից և ոչ ոգելից խմիչքներ և այլն), կազմակերպվել են գործարար համաժողովներ և միջազգային ցուցահանդեսներ, տարվել են տեղեկատվական օժանդակության աշխատանքներ:
Հաջորդ հարցով ներկայացվել է գործակալության 2013 թ. միջոցառումների ծրագիրը, որը, ԶՀԳ-ի գլխավոր տնօրենի տեղեկացմամբ, համահունչ է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության 2013 թ. համար նախանշված գործողությունների ծրագրին և ոլորտներին (բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն, բիոտեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, սննդի վերամշակում և այլն):
Նիստում արծարծվել են գործակալության կառուցվածքային փոփոխություններին վերաբերող և կազմակերպչական այլ հարցեր ևս: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ քննարկել դրանք և առաջարկություններ ներկայացնել խորհրդին:
ՀՀ վարչապետի որոշմամբ ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ և թեթև արդյունաբերության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակտիվ գործունեության ու վաստակի համար «Տոսպ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։

Tags: