Պարգևներ երիտասարդ գիտնականներին

74775Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը, բուհերի ռեկտորներ, գիտության բանագավառի ներկայացուցիչներ: Շնորհավորելով երիտասարդ գիտնականներին` ՀՀ ԿԳ նախարարն իր ողջույնի խոսքում նշել է. “Հայաստանի գիտական մտքի ապագան բաբախելու է ոչ միայն այսօր, այլև ի դեմս Ձեզ` ապագայում: Երիտասարդ գիտնական արտահայտության մեջ այսօր ավելի գերակա է երիտասարդության, քան գիտությանն կամ գիտնականի  բաղադրիչը, թեև ես վստահ եմ, որ տարիների ընթացքում այդ հարաբերակցությունը կփոխվի` շնորհիվ ձեր աշխատասիրության, տաղանդի և համառ ջանքերի` ապահովելով գիտականության բաղադրիչի գերկայություն”: Նախարարը շեշտել է, որ ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող այս բացառիկ նախագիծը բացահայտում է երիտասարդ գիտնականների կարողությունները և ընձեռում ինքնակազմակերպման հնարավորություն.  “Այս  ծրագրի իրագործմամբ երիտասարդներն ապացուցեցին, որ իրենք կարող են ինքնակազմակերպվել, խնդիրներ լուծել, ինչպես նաև կուռ և համախմբված գործունեություն ծավալել”,- իր խոսքում նշել է նախարարը: Ա. Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի կողմից ՀՀ կրթության և գիտություն նախարարությունը հանձնարակական է ստացել 2014 թվականի բյուջեի նախագծում միջոցներ գտնել այս ծրագրի ֆինանսավորումն  ավելացնելու համար: “2014 թվականի բյուջեի նախագծում ներառված կլինի 150 մլն դրամ հավելյալ գումար` երիտասարդ գիտնակնների աջակցությոն ծրագրի համար: Շարունակեք աշխատել նույն ոգևորությամբ և հետևողական ջանասիրությամբ”,- կոչ է արել Ա. Աշոտյանը: Երիտասարդ գիտնականներին շնորհավորել է  նաև ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը և շեշտել, որ երիտասարդ գիտնականների կատարած աշխատանքը խրախուսելի է. “Մեր գիտական ինստիտուներում կա երիտասարդ գիտնականների երկու խավ` ակտիվ կազմակերպիչներ և ակտիվ գիտական աշխատողներ: Կցանկանայի, որ ակտիվ գիտաշխատողների ներգրավման ցուցանիշը այս նախաձեռնության մեջ բարձրանար”: Միջոցառման ավարտին երիտասարդ գիտնականների մրցութի հաղթողները ՀՀ ԿԳ նախարարի և ԳԱԱ նախագահի կողմից ստացել են պատվոգրեր և դրամական մրցանակներ:
Երիտասարդ գիտնականների մրցույթին մասնակցել է  մինչև 35 տարեկան 112 գիտնական: Մրցույթն անցկացվել է 11 անվանակարգերում` առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար: Մրցութային 5 անվանակարգերում մրցանակային երրորդ տեղերը թափուր են մնացել` մրցույթին ներկայացված աշխատանքների սահմանված նվազագույն չափանիշներին չհամապատասխանելու համար:

Tags: