Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանին

3494_bՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Ա. Գեւորգյանը շնորհավորել է դիվանագետին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ: Նշելով, որ Ռուսաստանի հետ մեր երկրի հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում՝ փոխվարչապետն ընդգծել միջտարածաշրջանային համագործակցության կարեւորությունը. “Երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային փոխգործակցությունը գործնական եւ արժեքավոր նշանակություն ունի: Միջպետական հարաբերություններն ավելի ամուր են, եթե դրանց հիմքում միջտարածաշրջանային, միջհամայնքային համագործակցություն կա”:

Արձանագրելով, որ Ռուսաստանի հետ միջտարածաշրջանային մակարդակով փոխգործակցությունն ամենազարգացածն է, Ա. Գեւորգյանը միաժամանակ նշել է, որ իրացման մեծ ներուժ նույնպես առկա է: Նա նշել է, որ միջպետական մակարդակով եւս մեծ նշանակություն է տրվում ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը:

Վերջին տարիներին համագործակցությունն ավելի ինտենսիվ բնույթ է ստացել` ինչպես ակտիվ շփումների, այնպես էլ գործակցության նոր ձեւերի միջոցով: Հարաբերություններին նոր ազդակ են հաղորդել հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովները, որոնք անցկացվել են 2011 եւ 2012թթ., եւ հանդես են գալիս որպես համագործակցության զարգացման նոր ձեւաչափ, ինչպես նաեւ միջպետական տարբեր կառույցների միջեւ երկխոսության հարթակ:

Կողմերը քննարկել են այս աշնանը նախատեսվող երրորդ համաժողովի անցկացման ձեւաչափի, նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Երկուստեք կարեւորվեց համաժողովի այնպիսի ձեւաչափի ընտրությունը, որը հնարավորություն կտա գործնական արդյունքներ արձանագրել, գործընկեր տարածաշրջանների միջեւ փոխշահավետ կապեր հաստատել:

Դեսպանը պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին:

Tags: