Առաջարկվում է “Դիլիջանի միջազգային դպրոց” ծրագրի իրականացման համար տրամադրել հարկային եւ մաքսային վճարների արտոնություննե

717334ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկել է “Դիլիջանի միջազգային դպրոց” ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նա տեղեկացրել է, որ Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել եւ շահագործել միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց: Ամբողջ ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ներդնել շենքի կառուցման եւ անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման, իսկ շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ներդրվել է 20 մլն ԱՄՆ դոլար:

Նախագծով առաջարկվում է “Դիլիջանի միջազգային դպրոց” ծրագրի իրականացման համար տրամադրել հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ:Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան կրթահամալիրի կառուցման եւ շահագործման աշխատանքներին, որն իր հերթին կնպաստի տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության մակարդակի կրճատմանը, զբոսաշրջության զարգացմանը:

Հանձնաժողովը որոշել է առաջարկել Ազգային ժողովին կառավարության կողմից անհետաձգելի համարվող այս նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:

Tags: