Առաջարկվում է խստացնել սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ ուղղված հանցագործությունների պատժատեսակները

photoԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկել է “ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին” օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծով նախատեսվում է էապես վերափոխել օրենսգրքի 18-րդ գլուխը, ինչպես նաև համապատասխան լրացումներ կատարել օրենսգրքի 75-րդ հոդվածում: Օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված են սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները: Փոփոխությունն ուղղված է ինչպես կանխարգելելու անձի սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները, այնպես էլ խստացնելու այդ հանցագործությունների համար նախատեսված պատժատեսակները: Առավել լուրջ փոփոխություններ են առաջարկվում անչափահասների նկատմամբ կատարվող նման բնույթի հանցագործությունների պատիժները խստացնելու ուղղությամբ:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն ընդգրկելու ԱԺ երրորդ նստաշրջանի և հունիսի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգում:

Tags: