Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Մեր երկրի ներկայացուցիչները Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում 0:1 հաշվով զիջեցին մինչև այդ 5 անընդմեջ պարտություն կրած Մալթայի ընտրանիին: Վերջինս դասվում է աշխարհի թույլ թիմերի շարքին: Իսկ որ արտասահմանյան ակումբներում բարձրակարգ խաղացողներ ունեցող Հայաստանի հավաքականը միայն տխրեցնում է, դա աններելի է: Տանն անցկացրած մրցամարտում մեր ֆուտբոլիստներն ուղղակի դժգույն տպավորություն թողեցին:
Ի դեպ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական տվել էր, սակայն այն չընդունեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, նաև ՀՖՖ գործկոմը: Այժմ ակնհայտ է, թե այդ քայլն ինչպիսի սխալ է եղել:
Հունիսի 11-ին մեր թիմը Կոպենհագենում մրցելու է Դանիայի հավաքականի հետ, և կտրուկ միջոցներ են անհրաժեշտ ձեռնարկվեն նոր անախորժություններից խուսափելու համար, իսկ հետագայում պետք է քննարկվի, թե ինչու այդպիսի վիճակում հայտնվել հայկական ֆուտբոլը: Հավելենք, որ նախօրյակին Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Երևանում պարտվել էր Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Իսլանդիայի ներկայացուցիչներին:
Իսկ Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության խմբային մրցաշարում արդեն լիովին ձախողվել է: Ի դեպ, երբ մեր թիմը տարեսկզբին ընկերական մրցամարտում ոչ-ոքի խաղաց թույլ մրցակցի` Լիխտենշտեյնի հավաքականի հետ, ոմանք դա պատահականություն համարեցին, բայց այժմ արդեն կարելի է ասել, որ այդպես չէ:
Ֆուտբոլը նաև քաղաքականություն է, և Հայաստանի պատիվն է ոտնահարվում: Եթե մեր ընտրանին Մալթայի թիմի հետ անգամ ոչ-ոքի ավարտեր խաղը, դա անհաջողություն կհամարվեր …
Ի դեպ, Հայաստանի և Մալթայի հավաքականների հանդիպմանը ներկա էր նաև մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:
Տեխնիկական արդյունքներ
Հայաստան – Մալթա՝ 0:1
Միքայել Միվսուդ, 8
Հայաստանի հավաքականի կազմը. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, 5. Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան, Դավիթ Մանոյան (Արթուր Սարկիսով, 67), Կառլեն Մկրտչյան, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան (Յուրա Մովսիսյան, 46):
Tags: սպորտ, ֆուտբոլ
