Թող ժամանակից շուտ չուրախանան, չեն հասնելու իրենց նպատակին. Էրդողան

erdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այսօր ելույթ է ունեցել «Թուրքիայի և ԵՄ-ի ընդհանուր ապագան գլոբալ խնդիրների առաջ», խոսել է երկրում տիրող իրավիճակի և «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունների մասին: Դիմելով շրջակա միջավայրի պաշտպաններին, որոնք առաջինը ձայն բարձրացրեցին ընդդեմ այգու ծառահատման՝ վարչապետն առաջարկել է նրանց իր հետ միասին ելք գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Էրդողանի կարծիքով՝ ցույցերի մասնակիցների մի մասը չի ցանկանում կարգավորել խնդիրը: «Վերջին օրերի իրադարձությունները պետք է օբյեկտիվ ընդունել և ընկալել` չնայած որ ԶԼՄ-ները հրապարակում են որոշ ապատեղեկատվություն»,-նշել է վարչապետը:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ Էրդողանն իր խոսքում ընդծել է, որ կառավարությունը չի նահանջելու անջատողական ուժերի պատճառով: Նա նշել է, որ իր գլխավորած ԱԶ կուսակցությանը աջակցել է քաղաքացիների 50 տոկոսը, բայց իրենք ծառայում են ոչ միայն նրանց, ովքեր ձայն են տվել իրենց, այլ ողջ թուրք ժողովրդին:

Էրդողանը դիմել է Թուրքիայի արտասահմանյան ընկերներին՝ կոչ անելով թույլ չտալ ԶԼՄ-ներին ոչ օբյեկտիվ ներկայացնել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները և չգործել նրանց կարգադրությամբ, ովքեր «չեն ուզում Թուրքիայի հզորությունը»: «Թող ժամանակից շուտ չուրախանան, նրանք չեն հասնելու իրենց նպատակին»,-ասել է Էրդողանը:

Tags: