2013-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանակում երեսունյոթ տոկոսով բարելավվել են ցուցանիշները կարգապահության առումով: Այս մասին Նոյեմբերյանի տարածաշրջանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Բայց պատահարները, մանավանդ որ վերջանում են մարդկային կորուստներով, յուրաքանչյուրիս համար ցավալի են, և ոչ մի վիճակագրություն այս պարագայում չի կարող որևէ մեկիս հանգստացնել»,- ասում է Օհանյանը:
Նրա խոսքով բանակում մարդկային կորուստները մի քանի հիմնական պատճառներ ունեն: Առաջին պատճառը սահմանված անվտանգության և զենքի օգտագործման կանոնների խախտումն է: Նախարարը նշում է, որ ՀՀ ԶՈՒ մեկ երրորդն ամեն օր առնչվում է զենքի հետ· կեսը գտնվում է դիրքում և մարտական հերթապահություն է իրականացնում, մյուս կեսը առօրյա գործունեության մեջ զբաղվում է մարտական պատրաստութամբ, ուսումնական գործընթացով:
Բանակում մարդկային կորուստների երկրորդ հիմնական պատճառը միջանձնային հարաբերություններն են: «Կառույցներում, որտեղ մեծամասնությամբ տղամարդիկ են և այն էլ երիտասարդներ, միջանձնային հարաբերությունները կտրուկ բարելավելն անհնար է,- ասում է Օհանյանը:- Կոնֆլիկտները տղամարդկանց միջև նաև քաղաքացիական ազատ կյանքում անխուսափելի են, պարզապես պետք է փորձենք այնպես անել, որ կոնֆլիկտների արդյունքում զեքն չկիրառվի: Հիմա փոքր իսկ դրդապատճառներով մեկը մյուսի դեմ զենք է կիրառում»:
Օհանյանն ասում է, որ պատահարի յուրաքանչյուր մեղավոր պատժվում է:
«Վերջին հինգ տարիների ընթացքում ԶՈՒ ղեկավար կազմից շուրջ քսանհինգ մարդ ազատվել, տեղափոխվել կամ տարբեր աստիճանի տույժերով պատժվել է, հրամանատարական օղակներից, որոնք անմիջական պատասխանատուներն են , զորամիավորումների և զորամասերի հրամանատարներ, շուրջ քառասուն հոգի պաշտոններից ազատվել են , տեղափոխվել այլՙ անձնակազմի հետ կապ չունեցող պաշտոնների»,- ասում է Օհանյանըՙ հավելելով, որ հետևողական են թե աշխատանքը գնահատելու, թե թերությունները պատժելու գործում:
Tags: բանակ, ՊՆ