Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհրդի նախագահ ընտրվել է կինոդրամատուրգ Իբրահիմբեկովը

1Ադրբեջանում հայտնի կինոդրամատուրգ, սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը ընտրվել է ադրբեջանական Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (Ազգային խորհուրդ) նախագահ: Նրա թեկնածությունը առաջադրել է ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Հունիսի 7-ին` ադրբեջանական ընդդիմադիր ուժերը միավորող Ազգային խորհրդի հիմնադիր ժողովի ժամանակ, մասնակիցները բացարձակ մեծամասնությամբ պաշտպանել են կինոդրամատուրգի թեկնածությունը: Իբրահիմբեկովը անձամբ միջոցառմանը ներկա  չի եղել. նա Ադրբեջան կվերադառնա հունիսի վերջին:

Հիմնադիր ժողովի ժամանակ գալիք նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի առաջադրման հարցը չի լուծվել: Թեև ժողովի բոլոր բանախոսները աջակցել են որպես միասնական թեկնածու Իբրահիմբեկովին առաջադրելու գաղափարը, սակայն մասնակիցները որոշել են, որ Խորհրդի կազմում ընդգրկված յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին-առանձին կորոշի իր թեկնածուին, որից հետո համընդհանուր քվեարկությամբ կընտրվի միասնական թեկնածուն:

Ժողովի ժամանակ նաև հաստատվել է Խորհրդի կանոնադրությունը, ընդունվել է հռչակագիր, որում նշվում է, որ եթե իրենց թեկնածուն հաղթի գալիք նախագահական ընտրություններում, ապա Խորհուրդը երկամյա անցումային ժամանակահատվածում ձեռնարկելու է մի շարք քայլեր՝ անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ՝ կուսակցական հենքի վրա մեծամասնական-համամասնական ընտրակարգով, ընդունվելու է նոր Սահմանադրություն, ըստ որի սահմանափակվելու են նախագահի լիազորությունները, և հավասարակշռվելու է հարաբերակցությունը գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների միջև,  ձևավորվելու է կառավարություն՝ խորհրդարանական մեծամասնական հենքի վրա. հաղորդում է “Կոնտակտ”-ը:

Ըստ հռչակագրի` Խորհրդի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը լինելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ “Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա”:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցությունը 2013թ.-ի հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:

Tags: