Այսօր Ստամբուլի «Գեզի» այգու համար պայքարի 12-րդ օրն է: Խաղաղ գիշեր անցկացրած ցուցարարներն իրենց առավոտը սկսել են շրջակայքը մաքրելով և նախաճաշով: Անցած գիշեր, ի տարբերություն նախորդների, անցել է բավական հանգիստ և առանց միջադեպերի: Երեկ երեկոյան ժամերին Թաքսիմ հրապարակ և «Գեզի» այգի են եկել հազարավոր մարդիկ:
«Դողան» լրատվական գործակալության թղթակիցը ևս գիշերն անցկացրել է այգում մյուս ցուցարարների հետ: Նա գրում է, որ ամբողջ գիշեր հավաքվածները երգել, պարել և ուրախացել են: Առավոտյան բոլորը սկսել են հավաքել շրջակայքում գոյացած աղբը, ոմանք էլ, դատարկ տարածքներ գտնելով, ֆուտբոլային փոքրիկ հանդիպումներ են կազմակերպել:
Հունիսի 8-ը Թաքսիմի «Գեզի» այգու համար պայքարի 12-րդ օրն է, ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ հրապարակից: 


