Կրոնական համոզմունքների պատճառով զինծառայությունից խուսափողների դատվածությունը կհանվի, իսկ քրգործերը՝ կկարճվեն

301112_41Հունիսի 8-ից ուժի մեջ մտան «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից մայիսի 2-ին ընդունված լրացումները, որոնք վերաբերում են կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափողներին:

Ըստ այդմ, մասնավորապես, կկարճվեն դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և կդադարեցվի քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում կամ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ՝ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը», 327.1-ին՝ «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը», 327.2-րդ՝ «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը», 327.3-րդ՝ «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից անդամախեղվելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը», և 327.4-րդ՝ «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը», հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար, եթե այդ անձինք մինչև 2013 թ.-ի օգոստոսի 1-ը դիմում կներկայացնեն այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում կկայացնի նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:

Նույն արարքները կատարած և դրա համար պատիժ կրող անձանց դիմումի հիման վրա, իսկ այն չներկայացվելու դեպքում` դատախազի միջնորդությամբ, դատարանը կվերանայի այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը և նրանց ազատելով պատժի հետագա կրումից, եթե նրանք մինչև 2013 թ.-ի օգոստոսի 1-ը դիմում ներկայացնեն այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և որոշում կայացվի նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:

«ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում կատարվել են նաև լրացումներ, ըստ որոնց 2002 թ.-ի ապրիլի 26-ից մինչև 2004 թ.-ի հուլիսի 1-ը կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով 1961 թ.-ի մարտի 7-ի ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով կամ 2003 թ.-ի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման համար դատապարտված անձանց կհամարեն դատվածություն չունեցած: Այդպիսիք կհամարեն նաև 2004 թ.-ի հուլիսի 1-ից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար դատապարտված անձանց, եթե նրանց դատվածությունը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանվել կամ մարվել է:

Բացի այդ՝ դատարանը կվերանայի 2004 թ.-ի հուլիսի 1-ից հետո նույն արարքների համար դատապարտված և պատիժը կրած կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց կամ այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը, եթե նրանց դատվածությունը դատարան դիմելու օրվա դրությամբ հանված կամ մարված չէ:

Այսօրվանից ուժի մեջ են մտել նաև «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնցով հստակեցվում են այլընտրանքային ծառայության անցնելու հիմքերը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումի ներկայացման, վերջինիս քննարկման, հանրապետական հանձնաժողովի կողմից որոշման ընդունման, այլընտրանքային ծառայության կազմակերպումն ու իրականացումն ապահովելու կարգը:

Մասնավորապես, այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը, իսկ այլընտրանքային զինվորական ծառայության՝ եթե կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը:

Կրճատվում են այլընտրանքային ծառայության ժամկետները. զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 30 ամիս՝ մինչ այժմ գործող 36 ամսվա փոխարեն, աշխատանքային ծառայության ժամկետը՝ 36 ամիս՝ 42 ամսվա փոխարեն:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

 

Tags: