Հունիսի 8-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում «Համագործակցություն-2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցները հանդիպեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ, քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները։
Նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպման ընթացքում նշեց, որ վերջին տարիներին բոլորս ականատեսն ենք հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակական վերաբերմունքի, և որ ամենակարևորն է` հենց հաշմանդամություն ունեցող անձանց իրենց իսկ ուժերի նկատմամբ փոփոխությանը:
Նախարարը նշեց, որ հանրապետությունում ունենք զբաղվածության խնդիր, այդ թվում և հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում։ ՀՀ-ում հաշմանդամների թիվը մոտ 180 հազար է, նրանցից միայն 9 տոկոսն է զբաղված: Այդ իսկ պատճառով օրենքում գործնական փոփոխություններ են նախատեսվում, որպեսզի հնարավոր լինի լուծել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը։ «Օրենքի նախագծում մենք ամրագրեցինք, որ բոլոր կազմակերպությունները, որոնք ունեն 100 և ավելի աշխատակից, առնվազն 1 տոկոս պետք է ունենան նաև հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ: Իսկ այն կազմակերպությունները, որոնք չեն կատարի այս պահանջը, պարտավորված կլինեն որոշակի ֆինանսական միջոցներ տրամադրել հատուկ հիմնադրամին»,- ասաց Արտեմ Ասատրյանը։ Նա նաև պատասխանեց Հայաստան ժամանած հաշմանդամություն ունեցող անձանց հարցերին։
Նախարարի հետ հանդիպումից հետո մարաթոնի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ անցկացրին ֆլեշ-մոբ ակցիա։ Նրանք կոչերով դիմում էին անցորդներին, նրանց բաժանում իրենց խնդիրները ներկայացնող բուկլետներ, թերթիկներ, ինչպես նաև բարեմաղթանքներով ծաղկե թերթիկներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ 7-օրյա միջազգային մարաթոնի նպատակն էր ցույց տալ հասարակությանը, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք մարդիկ են, կարող են իրենց ուժերով կազմակերպել ծրագրեր, մասնակցել ու հաղթել բազմաթիվ մրցույթներում։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ, որոնց շրջանակներում բարձրացվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները։ Նա նաև նկատեց, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները ԱՊՀ տարածաշրջանում շատ նման են, որոնք աստիճանաբար լուծում են ստանում։
Նշենք, որ «Համագործակցություն 2013» խորագրով միջազգային մարաթոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՌԴ երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցիացիան:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Tags: Հաշմանդամներ