Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Անկարա, որտեղ իրեն աջակցող կուսակցականների և քաղաքացիների առաջ խոսել է վերջին օրերին Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին: Վարչապետը, նշելով, որ տեղի ունեցող իրադարձությունները կապ չունեն «Գեզի» այգու ծառերի հետ, ասել է. «Ինչու՞ են մեզ անհանգստացնում: Հարցը 15 հատ ծառի հատու՞մն էր: Լավ, համարենք Գեզի այգում 15 ծառ հատվեց, ապա ինչու՞ է դրա դեմ ուղղված ցույցեր տեղի ունենում Անկարայում, Իզմիրում: Խնդիրն այլ է: Խնդիրը այն է, որ ընտրությունների ժամանակ ԱԶԿ-ին շրջանցել չկարողացողները, ընտրելով այս ճանապարհը, ուզում են խառնել երկիրը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք գիտենք նրանց թակարդները: Այդ թակարդները խափանող ուժն այստեղ է: Գեզի այգի գնացողներին ազգ են ասում, չգնացողներին չեն տեսնում: Նրանք մեքենաներ են այրել, զոհ են տվել մեկ ոստիկանի: Այս հասարակությունը չի այրում և քանդում, այս հասարակությունը կառուցում է»:
«Ռադիկալը» գրում է, որ Էրդողանը ցուցարարներին կոչ է արել անմիջապես վերջ տալ հավաքներին և ցրվել: «Եթե նույն կերպ շարունակեք, ստիպված կլինեմ ձեզ հասկանալի լեզվով խոսել»,-հայտարարել է Էրդողանը: Նշենք, որ ԱԶԿ-ն հունիսի 15-ին և 16-ին հանրահավաքներ է կազմակերպելու հաջորդաբար Անկարայում և Ստամբուլում:
Tags: թուրքիա