Հունիսի 7-8-ը երեք տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ Տավուշի մարզ էին մեկնել, որտեղ այցելեցին զորամասերից մեկը, հետևեցին զինծառայողների պարապմունքներին ու զորավարժությանը, ինչպես նաև այցելեցին մարտական դիրքեր: Լրագրողները հանդիպում ունեցան նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով մեկ ու կես ժամ լրագրողներին ներկայացրեց ՊՆ ոլորտում բարեփոխումներն ու անելիքները, պատասխանեց հարցերին:
Ասուլիսը համընկել էր Սեյրան Օհանյանի վերանշանակման 50-րդ օրվա հետ, ինչի առթիվ նախարարը նշեց. «Երկրորդ անգամ նշանակումը պարտավորեցնող է ՊՆ անձնակազմի և անձամբ ինձ համար: Նշանակում է, որ կրկնակի եռանդով իմ աշխատանքը պետք է շարունակեմ. Հայաստանի շուրջ գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրավիճակը և սպառնալիքներն ստիպում են ունենալ մարտունակ և մշտապես կատարելագործվող բանակ»:
Օհանյանը, խոսելով իր պաշտոնավարման հինգ տարիների մասին, ասում է, որ դրանք եղել են ռազմավարական նոր մշակույթի ձևավորման տարիներ. «Պաշտպանական ռազմավարության վերանայումն ամենակարևոր միջոցառումն էր այս ժամանակահատվածի համար: Այս տարիների ընթացքում գնահատեցինք միջավայրը, սպառնալիքները, որ գոյություն ունեն մեր երկրի շուրջը և դրա ավարտին ունեցանք զինված ուժերի զարգացման պլան, որը որ միջնաժամկետ հեռանկարում ապահովելու է ՀՀ ԶՈՒ զարգացումը»:
Նախարարն ասում է, որ կարողացել են իրականացնել իրենց առջև դրված գլխավոր խնդիրը` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության , պաշտպանության խնդիրները, ՀՀ և ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովումը:
2008-ից շեշտադրվում են ոչ թե քանակային տվյալները, այլ նաև որակական աշխատանքը զինված ուժերի մարտունակության առումով` սկսած պատրաստությունից մինչև ստորաբաժանումների ներդաշնակում. «Այդ տարեթվից ի վեր մեր բոլոր կարգախոսները եղել են` ԶՈՒ պատրաստությանը նոր որակ»:
Մշակվել է նաև ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը և ռազմական արդյունաբերական համակարգի հայեցակարգը, որն ազգային անվտանգության խորհրդում հավանության է արժանացել: Ըստ այդմ` ընթացք կտրվի հայրենական ռազմական արտադրությանը:
Օհանյանը նշեց, որ 2014-ից ունենալու ենք մեր ակադեմիան, որն օպերատիվ մարտավարական օղակի զինծառայողների պատրաստությունն է իրականացնելու: Ակադեմիայի տված կրթությունը համապատասխանելու է մագիստրոսի աստիճանին:
«Լուրջ ուշադրություն ենք դարձնում նաև պրոֆեսիոնալ սերժանտական կազմի համալրման խնդիրներին: Հատկապես առաջին գծի զորամասերում դասակի հրամանատարի տեղակալները և ջոկի հրամանատարները պրոֆեսիոնալ սերժանտներ են, ինչը թույլ է տալիս հրամանատարների աջակցության շնորհիվ ավելի վերահսկելի և հետևողական դարձնել մարտական հերթապահության իրականացման ողջ խնդիրները»,- ասում է Օհանյանը:
Շարունակվելու է նաև զինված ուժերի համալրման խառը սկզբունքը` պայմանագրային զինծառայողներով և զորակոչիկներով: Պայմանագրային ծառայողների կազմը համալրվում է հատկապես սահմանամերձ բնակավայրերում` դրանով իսկ տեղացիներին դարձնելով սեփական բնակավայրի պաշտպանության մասնակիցը, ինչպես նաև որոշակի սոցիալական խնդիրներ լուծելով:
Նախարարը նշեց նաև, որ 2014-ից նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայողների վարձատրությունը:
Այսօրվանից` հունիսի 10-ից մեկնարկում է 2013-ի գարնանային զորակոչը:
Օհանյանն ասում է, որ վերջին մի քանի տարիներին լուրջ հիմքերի վրա դրված զորակոչի անցկացումը` սկսած նախազորակոչային տարիքում կցագրային խնդիրներից, բուժհետազոտման խնդիրներից մինչև անմիջապես զորակոչից առաջ բուժհետազոտման խնդիրները, նորակոչիկների ընդգրկումը ԶՈւ ծառայությանը` հաշվի առնելով ադապտացիոն պրոցեսը:
«Հրամանատարների խնդիրեն է, որ ադապտացիայի ընթացքում ավելի ուշադիր լինեն սկսած անհատական դաստիարակչական պատրաստությունից:,- ասում է նախարարը:- Հայրենիքի պաշտպանը ձևավորվում է ոչ միայն բանակում, այլ սկսած ընտանիքից: Հայրենիքի պաշտպանի հատկանիշների կատարելագործումը իրականացնում ենք հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկի միջոցով` զինկոմիսարիատից և դպրոցից տրամադրում են նորակոչիկների հատկանիշների մասին ինֆորմացիա: Դրա վրա հենվելով փորձում ենք նրանց մոտ ձևավորել զինվորներին համապատասխան հատկանիշներ»:
Իսկ ՊՆ կառուցվածքի բարեփոխումների շրջանակում ստեղծվել է նյութատեխնիկական դեպարտամենտ, որը իրականացնում է գնումների ողջ գործընթացը ի տարբերություն նախորդ տարիների, երբ համապատասխան վարչություններն իրականացնում էին և գնումը և ապահովումը:
Օհանյանն ասում է, որ կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքում կարողացել են գնումների գործընթացն ավելի բարձր հիմքերի վրա դնել. « Բայց բոլորիս համար էլ հասկանալի է, որ նյութական միջոցները միշտ էլ որոշակի պաշտոնատար անձանց շահագրգռում են: Որքան լինելու են ֆինանսներ և նյութատեխնիկական միջոցներ, այնքան էլ մարդիկ այս կամ այն ժամանակամիջոցում հնարամտություններ են փորձելու գտնել` պետական շահերն օգտագործելու նաև սեփական շահերի համար: Մեր վերահսկողական մեխանիզմներով աշխատանքը դրա վրա ենք ուղղում, որպեսզի կարողանանք բացահայտել այդ կոռուպցիոն ռիսկերը, ժամանակին կանգնեցնենք մարդկանց, ժամանակին հեռացնենք նրանց այդ գործընթացներից»:
Կարդացեք նաև`
Հայաստանը կշարունակի իր միջազգային խաղաղապահ առաքելությունը
Աղջիկները ևս կկարողանան յուրացնել սպայի մասնագիտությունը
ՊՆ· բանակում միջադեպերի յուրաքանչյուր մեղավոր պատժվում
Սեյրան Օհանյանը Գորիսի միջադեպի մասին
Tags: բանակ, ՊՆ, սեյրան օհանյան
