Բորիս Մակիչյան. «Կամ մենք ենք Եվրոպայում, կամ Եվրոպան է մեզ մոտ»

մակիչյան Հայաստանում տարեցտարի նոր` միջազգային չափանիշներին համապատասխան քայլեր են արվում կրթության որակը բարձրացնելու նպատակով:

Հայաստանյան ուսումնական հաստատություններում արտասահմանյան փորձի ներդրման, ուսումնական հաստատությունների փորձնական հավատարմագրման գործընթացի և կրթության որակի բարելավմանն ուղղված աշխատանքների մասին են այսօր խոսել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի  ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար, գլխավոր մասնագետ Անուշավան Մակարյանը և Հյուսիսային համալսարանի ռեկտոր, հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհրդի նախագահ  Բորիս Մակիչյանը:

Ըստ Մակիչյանի` վերջին քսան տարում բուհական համակարգում բարեփոխումների գործընթաց է իրականացվում և բոլոր բուհերը անկախ իրենց կարգավիճակից գնում են պետական հավատարմագրման.   «Փորձի փոխանակում կա`  կամ մենք ենք Եվրոպայում, կամ Եվրոպան է մեզ մոտ, մեր նպատակն է Հայաստանը դարձնել տարածաշրջանային գիտական կենտրոն»:

Ինչ վերաբերվում է ուսումնական հաստատությունների փորձնական հավատարմագրման գործընթացին, ապա Անուշավան Մակարյանը նշեց, որ այս նոր կարգը դեռևս ոչ մի բուհում չի կիրառվել, սակայն այդ ուղղությամբ փորձնական աշխատանքներ իրականացվում են: Ըստ նրա` գործընթացի նպատակն է, որպեսզի մասնագիտական փորձագիտական խումբը գնահատի բուհի մատուցած ծառայություններն ամբողջությամբ:

Հավատարամագրման նախկին կարգը միայն արդյունքն էր գնահատում, իսկ նոր կարգով ամբողջ ուսուցման մեխանիզմների, դասախոսական կազմի, բուհի հնարավորություններն են գնահատվելու:

Նոր պետական հավատարմագրման չափանիշները կառավարության որոշմամբ են հաստատվել, որոնք նույնն են և´ պետական, և´ ոչ պետական ուսումնական բոլոր հաստատությունների համար:

 Լուսինե Ասատրյան

 

Tags: ,