ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած` «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» և «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» նախագծերը չմտան ԱԺ օրակարգ: Դրանց դեմ քվեարկեցին Հանրաետականն ու ՕԵԿ-ը: Պատգամավորի հեղինակած` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով հետաձգվեց։
Նշենք, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել էր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» նախագիծը, և հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:
Նախագծով առաջարկվում է 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում, այդ ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին, արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական եւ այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:
Հրանտ Բագրատյանի կարծիքով` օրինագծի ընդունումը շեշտակիորեն կնվազեցնի հանքարդյունաբերության ոլորտում առկա ստվերայնությունը:
Կառավարությունը նույնպես ոչ դրական տեսակետ էր ներկայացրել նախագծի վերաբերյալ` հայտնելով, որ կառավարությունում մշակում է մի նախագիծ, որում կկարգավորվեն նաեւ օֆշորի հետ կապված խնդիրները:
Tags: Ազգային ժողով, Հրանտ Բագրատյան
