Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2013 թ. ծրագրի քննարկման ավարտին, կարևորելով հարցը, հանդես եկավ ելույթով: «Բոլորս հասկանում ենք, որ եթե մենք ֆինասավորում ենք էժան ու երկար վարկեր, ապա դա ուղղակի նպաստում է տնտեսության զարգացումը, իսկ եթե դրանք կարճ են և բարձր տոկոսներով, ապա խաթարում են տնտեսության զարգացումը»:
Նա հորդորեց ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկին մտահոգ լինել և ամեն ինչ անել, որպեսզի տնտեսավարող սուբյեկտներին և վարկառուներին հասնեն երկարաժամկետ և ցածր տոկոսով վարկեր. «Այն ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են բանկերի կողմից, պետք է իրականանան, հակառակ դեպքում ձախողված է նաև բանկերի աշխատանքը»,-ընդգծեց նա:
Ըստ խորհրդարանի ղեկավարի` այն բոլոր հարցերը, որ այսօր բարձրացվեցին պատգամավորների կողմից, պետք է ճիշտ ընկալվեն. «Մեկ-մեկ մեր գործընկերները մի քիչ խախտում են սահմանները, բայց դուք մի վիրավորվեք, նրանք ուղղակի իրենց մտահոգությունն այդ ձևով են ներկայացնում: Ես համոզված եմ, որ մենք լուրջ հետևություններ պետք է անենք և ամեն ինչ անենք, որ մեր տնտեսությունը զարգանա, որից էլ ածանցվում են նույն այսօրվա արտագաղթը, նույն գործազրկությունը, որ 16 տոկոսից ավելի է, նույն աղքատությունը, որ 36-37 տոկոս է: Դրանք բոլորն ուղղակիորեն կապված են տնտեսության զարգացման հետ»:
Tags: Ազգային ժողով