Երեկ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցած նախարարների խորհրդի նիստից հետո, որը տևել է 6,5 ժամ, փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հանդես է եկել հայտարարությամբ: Վերջինիս նշել է, որ վարչապետ Էրդողանը «Այս իրադարձությունների գլխին կանգնած և առաջին օրերից այգում գտնվող որոշ հասարակական կազմակերպությունների պահանջի համաձայն նրանց հանդիպման հնարավորություն է տվել»: Արընչը նաև նշել է, որ վերոնշյալ անձանց մի մասին հետ Էրդողանը կհանդիպի չորեքշաբթի օրը, իսկ մյուսների հետ՝ մեկ այլ ժամանակ:
«Դողան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ փոխվարչապետը նախարարների խորհրդի նիստից հետո արած իր հայտարարության մեջ, հիշատակելով «Գեզի» այգու համար պայքարող ձերբակալված ցուցարարներին ազատ արձակելու պահանջը, նշել է. «Թուրքիայի Հանրապետությունը մի ցեղային, մի աշիրեթային պետություն չէ, այլ իրավական պետություն է: Իրավական երկրում յուրաքանչյուրը ստանում է իր արածի պատասխանը»:
