Խորհրդարանում այսօր շարունակվում է երեկ մեկնարկած Դիլիջան միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծի քննարկումը: Առաջինը ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը և հայտարարեց, որ դեմ է նախագծին: «Մարդիկ մեզնից փող են ուզում, չեն էլ ասում, ինչի համար: Ո՞վ է տեսել նման բան: Ոչ մի ծրագիր չունեն: Չնայած եթե ծրագիր էլ բերած էլ լինեին, ես դեմ էի լինելու, բայց գոնե կասեի՝ խորհրդարանը իրավունք ունի օրենք ընդունելու: Էսքան ասում ենք՝ օլիգարխ-օլիգարխ, բայց Հայաստանում դեռ ոչ մի օլիգարխ էսքան փող չի ուզել պետությունից»:
Բացի ծրագրի բացակայությունից, Բագրատյանն այս ծրագրին այլ պատճառներով էլ է դեմ. «Թող մեր բերանի ջրերը չվազեն, տեսել ենք էլի էդ միջազգային դպրոցները, էդ միջազգային դասախոսներին»:
Պատգամավորը գտնում է, որ պետությունն արդեն իսկ մեծ զիջում է արել դպրոցի ծրագրի հեղինակներին՝ Լեզվի մասին օրենքի հարցում: «Բա մենք թույլ տանք, որ Ազգային ժողովն էսքան իջին՞, պետական մարմինն էսքան իջինի՞: Ով ուզում է լինի էս ամեն ինչի հետևում կանգնած»:
Բագրատյանն ասաց, որ եթե իրեն տրվեն այդ արտոնությունները, ապա ինքն աշխարհի լավագույն քոլեջները Հայաստան կբերի: Ի դեպ, իր ելույթի ժամանակ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, արձագանքելով Բարգատյանի հայտարարությանը, ասաց. «Եթե կարող եք, բերեք, չեմ կարծում, որ որևէ մեկը չողջունի»:
Բագրատյանը դեմ է նաև Դիլիջանի միջազգային դպրոցին Ավելացված արժեքի հարկի մասով արտոնություն տալուն, քանի որ, ըստ նրա, դա մի շարք խնդիրներ կարող է առաջ բերել հարկային մարմնի համար. «Ընդհանրապես, եթե արտոնություն են տալիս, խուսափում են ավելացված արժեքի հարկի մասով տալուց: Հարկային տեսչությունից էստեղ պետք է նստած լինեին և հարցնեին, թե պատկերացնո՞ւմ եք ինչ եք առաջարկում»:
Մի խոսքով, Բագրատյանը կտրականապես դեմ է նման արտոնություն տալուն և կոչ է անում չքվեարկել այդ օրինագծի օգտնին. «Մենք հո տիեզերքի անվերջության հետ գործ չունե՞նք, անվերջ արտոնություններ ենք տալիս: Էսպես չի կարելի»,-ամփոփեց նա:
Tags: Ազգային ժողով