Դիլիջան միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանդես եկան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը: «Նման օրինագիծ ընդունելըը նշանակում է, որ մենք մեր պետության, հասարակության շահերին դեմ ենք գնում»,-նման կոշտ հայտարարություն արեց Զարուհի Փոստանջյանը:
Նա շեշտեց նախագծում ծրագրի և ժամանակացույցի բացակայության հարցերը: Նաև հարցրեց, թե արդյոք այն անհատները, որոնք աջակցում են ծրագրին այսօր, վաղը կլինեն:
Պատգամավորը հիշեցրեց, որ իրենք բազմիցս կառավարության հետ բանակցել ենք, որպեսզի արտոնություններ տրվեն սահմանամերձ գյուղերին, բայց մերժում են ստացել՝ պատճառաբանությամբ, թե բոլորը պետք է հավասար լինեն:
«Սա ավանտյուրա է, որը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը»,-իրեն բնորոշ ոճով հայտարարեց Փոստանջյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ելույթում ասաց, որ ներդրումները ողջունելի են, և անձամբ ինքը ճանաչում և վստահում է Ռուբեն Վարդանյանին, որը վայելում է ռուսական ինտելեկտուալ բիզնես շրջանի հարգանքը, բանկային համակարգի լավագույն ինտելեկտուակներից է. «Նպատակը բարի է, գրավիչ, ընդունված է աշխարհում և այն մեր պետության վարկանիշը կբարձրացնի, բայց այլ հարց է, թե ինչքանո՞վ է հնարավոր այդ նպատակն իրականացնել հայաստանյան իրականության պայմաններում: Մեր երկրում կա՞ն մեխանիզմներ դրանք իրականացնելու: Այդտեղ է մեր մտահոգությունը, որը մեր տառապանքի փորձից է գալիս»:
Ինչ վերաբերում է այն մտքին, թե քննադատությունները կարող են բացասաբար անդրադառնալ գաղափարի իրականացման վրա, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Համաշխարհային պրակտկայում նման բան չկա, որ եթե մենք ծրագիր պահանջենք, նախաձեռնողը խրտնի, թողնի գնա, ընդհակառակը, պետք է ամեն ինչ հստակ լինի»:
Նա նաև առաջարկեց, որպեսզի նման արտոնությունների մի մասը տեղափոխվի կրթության ոլորտ, և այդ ոլորտում առկա խնդիրների մի մասը գոնե լուծվի: «Կողմ լինելով գաղափարին, նպատակին և ընդունելով այդ անհատի հեղինակությունը, հայրենասիրությունն ու և բիզնես ոլորտում ունեցած ներդրումները՝ այնուամենայնիվ այս ծրագիրը համոզիչ չի, և մենք պետք է դեմ քվեարկենք»:
Դեմ քվերակելով հանդերձ՝ «Ժառանգությունը» կառաջարկի, որպեսզի երկրորդ ընթերցման ժամանակ կառավարությունը ներկայացնի ծրագիր և հիմնավորումներ, որից հետո միգուցե նրանց դիրքորոշումն էլ փոխվի:
Tags: Ազգային ժողով